— Դե, իսկ հիմա, բացատրե՛ք ինձ, Հովհաննես Էդուարդովիչ, ինչպե՞ս է ստացվում, որ ընկերոջս, որի ցուցանիշներն ավելի բարձր էին, քան ինձ մոտ, նշանակել են անտիբիոտիկներ և կրկնակի անալիզ մեկ ամսից, իսկ ինձ՝ միանգամից շագանակագեղձի բիոպսիա, - մռայլ հետաքրքրվում է Վլադիմիր Պետրովիչը, որը վերջապես հանձնել էր բոլոր անալիզները, - եթե պատերազմ, ապա բոլորի՛ համար թող լինի:
— Ես Ձեզ շագանակագեղձի բիոպսիա կնշակեի նույնիսկ այն դեպքում, եթե PSA (ՊՍՀ)-ի արդյունքը նույնիսկ զրոյական լիներ, - կիրթ, բայց վստահ պատասխանում եմ ես, - շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտության արդյունքում Ձեզ մոտ հայտնաբերվել է հիպոէխոգեն հանգույց, մատնային ռեկտալ հետազոտության արդյունքում՝ պնդացված հատված իսկ Ձեզ մոտ ազատ PSA (ՊՍՀ)-ի հարաբերակցությունն ընդհանուր PSA (ՊՍՀ)-ին ցածր է 15%-ից: Այս նշաններից նույնիսկ մեկի դեպքում պարտադիր նշանակվում է շագանակագեղձի բիոպսիա: Շագանակագեղձի քաղցկեղը բացառելու նպատակով:
Վլադիմիր Պետրովիչի դեմքն արտահայտում է զգացումների պոռթկում: Ես անսխալ կարող եմ գուշակել նրա հայացքի իմաստը. «Բժի՛շկ, դու նորմալ լեզվով կարո՞ղ ես խոսել»:
— Տեսե՛ք, Վլադիմիր Պետրովիչ: Գոյություն ունի շագանակագեղձի հիվանդությունների մի քանի ցուցանիշ: Առաջին հորիզոնականն է զբաղեցնում մատնային ռեկտալ հետազոտությունը, երբ բժիշկն ուղիղ աղիքի միջով շոշափում է շագանակագեղձը: Այդ հետազոտության միջոցով ես պատկերացում եմ կազմում շագանակագեղձի խտության մասին, դրա չափերի, միատարրության, աղիքի լորձաթաղանթի շարժունության և, վերջապես, ցավի առկայության մասին: Պինդ հատվածը բառի բուն իմաստով նշանակում է՝ շագանակագեղձի հյուսվածքի պինդ հատված: Այն հաճախ բնորոշ է շագանակագեղձի քաղցկեղին: Այնուհետև մենք իրականացնում ենք ուլտրաձայնային հետազոտություն և համոզվում, որ դա շագանակագեղձի քար չէ: Ձեր դեպքում մենք տեսանք, որ առկա է «հիպոէխոգեն հանգույց», այսինքն շագանակագեղձի հյուսվածքի մի հատված, որն էկրանին... հըըըմ... անգամ չգիտեմ՝ ինչպես բացատրել. մի խոսքով՝ սև գույնի է երևում: Սա ևս բնորոշ է շագանակագեղձի քաղցկեղին:
— Բայց չէ՞ որ արյան անալիզը համարյա նորմայի մեջ է: Նորման գերազանցում է ընդամենը կես միավորո՜վ:
— Վլադիմիր Պետրովիչ, ցավոք, գոյություն ունեն շագանակագեղձի քաղցկեղի այնպիսի դրսևորումներ, որոնց դեպքում պրոստատ-սպեցիֆիկ հակածինի ցուցանիշը կարող է շարունակել մնալ նորմայի սահմաններում: Ավելին, չմոռանա՛նք ազատ և ընդհանուր PSA (ՊՍՀ)-ի հարաբերակցությունը: Ձեզ մոտ ազատ PSA (ՊՍՀ)-ի քանակությունը քիչ է: Ահա շագանակագեղձի քաղցկեղի ևս մեկ ցուցանիշ: Եզրակացությունը մեկն է՝ շագանակագեղձի բիոպսիա:
— Լավ...