... — Դե լա՜վ, Հովհաննես Էդուարդովիչ, չնչին բան է: Դե լավ, ասենք՝ մի անգամ արյուն է հայտնվել մեզիս մեջ, ի՞նչ անենք: Ի՞նչ է, հիմա ամեն բան թողնեմ ու վազեմ քեզ մո՞տ: Դու, ավելի լավ կլինի, ասես, թե ինչ խմեմ, որպեսզի մեզս այլևս կարմիր չլինի: Ես վաղը 5 խորհրդակցություն ունեմ, պատկերացնու՞մ ես: Իսկ այնուհետև մեկնում եմ երկու ամսով... Ասեմ ավելին, այժմ մեզս արդեն կարմիր չէ, արյան առկայություն միայն մեզի անալիզն է ցույց տվել...
— Դե, իսկ հետո Դուք, Իվա՛ն Պետրովիչ, կվերադառնաք «միզապարկի չվիրահատվող քաղցկեղ» կամ «երիկամի չորրորդ ստադիայի քաղցկեղ» ախտորոշմամբ: Իսկ ես Ձեր քարտում կգրեմ հետևյալը. «Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ հիվանդը բուժման ենթակա չէ: Նշանակել սիմպտոմատիկ ցավազրկում»: Ես խոսում էի չոր և գործնական տոնով: Նման ձևով ես խոսում եմ շատ հազվագյուտ մարդկանց հետ, սակայն իմ այդ ծանոթը տարբերվում էր (և, փառք Աստտծո, դեռ մինչ օրս շարունակում է տարբերվել) ծայրահեղ համառությամբ: Մեղմ ձևով համոզել, բացատրել, պատմել՝ ո՛չ, այդ տարբերակը չի գործում: Վատագույնն այն է, որ նախկինում ինքը բժիշկ է եղել: Ճիշտ է, ոչ ուրոլոգ: Այո՛, երկար տարիներ է, ինչ աշխատում է որպես ադմինիստրատոր: Բայց չէ՞ որ մեզ բազմիցս, ամենատարբեր ամբիոններում ասել են «եթե մեզի մեջ նկատվում է արյուն, ապա ուռուցք փնտրի՛ր»: Եվ այդ պահին անկախ ինձանից մտածեցի, որ եթե բուժաշխատողն ինձանից հաբեր է ուզում, որպեսզի մեզը դադարի կարմիր լինելուց, ապա կանհանգստանա՞ արդյոք մեզի մեջ արյուն նկատող հիվանդը: