Քրոնիկ ցիստիտ
Քրոնիկ ցիստիտը միզապարկի բորբոքումների բազմաթիվ տեսակների ընդհանուր, հավաքական անվանումն է: Սույն հոդվածում կներկայացնեմ ճգրիտ ախտորոշման և հաջող բուժում իրականացնելու մեթոդները:
Ախտորոշում. քրոնիկ ցիստիտ
Յուրահատկություն. եթե փորձենք մասնավորեցնել, ապա գոյություն ունի, օրինակ, բակտերիալ կրկնվող ցիստիտ, սնկային ցիստիտ, վիրուսային ցիստիտ, ինչպես նաև՝ կոնքային ցավի սինդրոմ, ցիստիտ սեռական հարաբերությունից (սեքսից) հետո, միզապարկի վզիկի լեյկոպլակիա: Միզապարկի բորբոքման պատճառները և տեսակները բազմազան են, սակայն... այդ շարքում բացակայում է քրոնիկ ցիստիտ»-ը: Դա ընդամենը մի շարք ցիստիտ»-ների ընդհանուր անվանումն է, որոնցից յուրաքանչյուրն ինքն իրեն բուժվում է, եթե կայացվի մանրակրկիտ ախտորոշում և միզապարկի բորբոքում առաջացնող պատճառների վերացում: Ի՞նչ ենք բուժում: Ընդհանուր, հավաքական հասկացությու՞ն: Դա բուժման ենթակա չէ, քանի որ, պարզապես, գոյություն չունի: Դա ոչ թե բուժում է, այլ ինքնախաբեություն: Քրոնիկ ցիստիտի բուժումն ուղղակիորեն կախված է դրա պատճառից:
Քրոնիկ ցիստիտի բուժումը
• Քրոնիկ ցիստիտի դեպքում բակտերիալ օջախների բացահայտումը և վերացումը հանդիսանում են բժշկի թիվ մեկ խնդիրը:
• Ցիստոսկոպիա քնած վիճակում. անհրաժեշտ հետազոտություն, որը թույլ է տալիս բացահայտել պատճառը կամ հասկանալ, որ միզապարկն առողջ չէ:
• Միզապարկի լորձաթաղանթի բիոպսիա. թույլ է տալիս ստանալ մանրամասն հիստոլոգիական ախտորոշում: Իրականացվում է ցիստոսկոպիայի ընթացքում:
• Միզապարկի ինստիլյացիա. զանազան դեղամիջոցների ներարկում միզապարկ՝ դրա լորձաթաղանթի կարգավորման նպատակով:
• Տրանսուրետրալ ռեզեկցիա-լեյկոպլակիայի գոլորշիացում (վապորիզացիա). բնականաբար, այն դեպքերում, երբ այդ նույն լեյկոպլակիան բացահայտված է և հանդիսանում է «քրոնիկ ցիստիտի» պատճառ:
«Բժի՛շկ, ես քրոնիկ ցիստիտ ունեմ», «Որովայնիս ներքևի մասում մշտական ցավեր ունեմ. օրական երկու լիտր ջուր եմ խմում, արդեն ուռում եմ, սակայն եթե չեմ խմում, սկսում եմ ոռնալ», «Անմիջապես ծննդաբերությունից հետո պարբերաբար միզապարկի բորբոքումներ եմ ունենում», «Ուղղակի չի ստացվում նորմալ ապրել. մի փոքր սառում եմ՝ սկսվում է: Վախենում եմ նույնիսկ փողոց դուրս գալ», «Ես եղել եմ բոլոր բժիշկների մոտ. ուրոլոգն ուղարկում է գինեկոլոգի մոտ, գինեկոլոգը՝ ուրոլոգի, վերջինս անտիբիոտիկներ է նշանակում, ցիստիտն անցնում է ու հետո վերսկսում»:
Այս ամենը հատվածներ են «քրոնիկ ցիստիտով» ինձ դիմող շատ կանանց բնորոշ գանգատներից: Նրանցից յուրաքանչյուրն ունի բժշկական բավականին տպավորիչ ծավալ ունեցող իր պատմությունը, ցիստիտն ապականում է նրանցից յուրաքանչյուրի կյանքը, նրանցից յուրաքանչյուրը, ախտորոշման փոխարեն, ասես ստացած լինի դատապարտում՝ «քրոնիկ ցիստիտ» անունով: Անալիզների և հետազոտությունների մի ամբողջ բույլ, հակաբորբոքայիններ, ուրոսեպտիկներ, ներլցումներ միզապարկ, «դիմադրողականության ամրապնդում», հոմեոպատիա... այս ամենն ունենում է կարճաժամկետ արդյունք, որին հետևում է վիճակի վատթարացումը:
Միանգամից ասեմ՝ այս բաժնում խոսքը գնում է հենց միզապարկի բորբոքման, այլ ոչ քրոնիկ կոնքային ցավի մասին: Վերջինիս դեպքում հաճախ մեզի բաղադրության մեջ չի լինում որևէ փոփոխություն, ցիստոսկոպիան չի բացահայտում որևէ յուրահատուկ բան, իսկ միզապարկը, թվում է, բացարձակապես առողջ է: Այդ ամենի մասին կխոսենք «Կոնքային ցավ կանանց մոտ» բաժնում:
Ի՞նչ է քրոնիկ ցիստիտը
Որպես կանոն՝ «Քրոնիկ ցիստիտ» ախտորոշումը նշանակում է, որ իմ հիվանդն արդեն փորձել է բազմաթիվ անտիբիոտիկներ, նրան ծանոթ է «իմունոմոդուլյատորներ» հասկացությունը, նա արդեն «պրոբիոտիկներ» է ընդունում՝ առասպելական «դիսբակտերիոզը» բուժելու նպատակով... Մի խոսքով, սովորաբար իմ առջև նստած է մի կին, որն արդեն գրեթե չի հավատում, որ հնարավոր է բուժվել: Իսկ այդ ամենի պատճառը... սխալ ախտորոշումն է: Եկեք մտածենք. եթե կոչում ենք այդ վիճակը «քրոնիկ ցիստիտ», ապա դա արդեն իսկ նշանակում է, որ դա պետք է բուժել քրոնիկ ձևով, այսինքն՝ մշտապես: Ընդ որում, պետք է բուժել այնպիսի մի բանով, որը վերացնում է բորբոքումը: Թվում է՝ տրամաբանական է հակաբորբոքայինների նշանակումը: Այդ դեպքում՝ ինչու՞ դրանք չեն օգնում: Ահա, օրինակ, մեզում առկա էին բակտերիաներ, որոնք նույնիսկ շատ զգայուն էին հակաբորբոքայինների նկատմամբ: Այդ դեպքում ինչու՞ է ցիստիտը կրկնվում բուժումից ընդամենը մոտ 7 օր անց: Ինչու՞ է պատահում այնպես, որ մեկ գավաթ գինի խմելուց կամ որևէ կծու բան ուտելուց կամ զբոսայգում սովորականից մի փոքր ավելի երկար զբոսնելուց անմիջապես հետո կնոջ մոտ կրկին առաջանում այդ անիծված ցիստիտը: Եվ յուրաքանչյուր անգամ՝ կրկնվելու դեպքում, այն տևում է ավելի երկար, քան նախորդ անգամ:
Պատասխանը պարզ է. «քրոնիկ ցիստիտը» միշտ հանդիսանում է ինչ-որ հիվանդությունների հետևանք: Կամ կա ինչ-որ աղբյուր, որտեղից բակտերիաները մշտապես ներթափանցում են միզապարկ, կամ գոյություն ունի միզապարկի կամ միզուկի որևէ պաթոլոգիա, ինչի արդյունքում բակտերիաներն ավելի հեշտությամբ են թափանցում միզապարկ, կպչում դրա լորձաթաղանթին և բազմանում: Կամ, հնարավոր է, գոյություն ունի թե՛ բակտերիաների աղբյուր, և թե՛ միզպարկի պաթոլոգիա:
Քրոնիկ ցիստիտի պատճառները
Չափազանց կարևոր է գիտակցել, որ իրական լեյկոպլակիան լորձաթաղանթի՝ ծայրահեղ հազվագյուտ, ենթադրաբար նախաքաղցկեղային փոփոխությունն է: Այն որևէ կապ չունի քրոնիկ ցիստիտի հետ: Թե՛ սույն հոդվածում, թե՛ բժշկական գրականության մեջ «միզապարկի լեյկոպլակիա» ասելով՝ հասկանում ենք «լորձաթաղանթի վագինալ մետապլազիա» հիստոլոգիական ախտորոշումը: Դա պարզապես կարծրացած սխալ բժշկական տերմին է:
Իրական լեյկոպլակիան չի առաջանում ուրեապլազմոզի, քլամիդիոզի և վիրուսային վարակի արդյունքում. այդ ամենն առավել բնորոշ է վագինալ մետապլազիային: Միլիոնավոր կանայք ունեն «լեյկոպլակիա» ախտորոշում՝ չունենալով ո՛չ նախաքաղցկեղային վիճակ, ո՛չ միզապարկի քաղցկեղ, քանի որ նրանց մոտ, պարզապես, առկա է ոչ թե իրական լեյկոպլակիա, այլ վագինալ մետապլազիա՝ միզապարկի լորձաթաղանթի բարորակ փոխոխություն, որը որոշ դեպքերում հանգեցնում է որովայնի ներքևի մաում ցավերի և այրող զգացումի:
Իրական լեյկոպլակիան ծայրահեղ հազվագյուտ պաթոլոգիա է: «Լեյկոպլակիա» տերմինը կիրառվում է «վագինալ մետապլազիա» իմաստով, որը նշանակում է՝ լորձաթաղանթի փոփոխություն բորբոքումից հետո:
Քրոնիկ ցիստիտի ախտանիշերը
Նմանատիպ բոլոր իրավիճակներում կնոջը տանջում է հաճախամիզությունը, հնարավոր են սուր ցիստիտի ռեցիդիվներ, միզապարկի շրջանում առաջանում է ծանրություն և դիսկոմֆորտ: Երբեմն բանը հասնում է նրան, որ մեզում առաջանում է արյան պարունակություն: Հիվանդը ստիպված է ընդունել ցավազրկող դեղամիջոցների մեծ քանակություն՝ անպայման հակաբորբոքայիններ, ինչի արդյունքում թվում է՝ հաղթահարում է հերթական նոպան: Սակայն նա ինքն արդեն լավ գիտի, որ առջևում քրոնիկ ցիստիտի հերթական ռեցիդիվն է:
— Բարև Ձեզ: Ներս մտեք, խնդրեմ, նստեք: Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:
— Քրոնիկ ցիստիտ:
— Եվ ինչպիսիք են դրա դրսևորումները: — Ես նման հարցադրում եմ անում՝ հաշվի առնելով ցիստիտի բազմաթիվ ախտանիշերը, և քանի որ ինձ անհրաժեշտ է համոզվել, որ խոսքը ցիստիտի, այլ ոչ թե, օրինակ, միզուկի բորբոքման՝ ուրետրիտի մասին է:
— Հասկանու՞մ եք, մի քանի տարի առաջ մի քիչ մրսել էի, սուր ցիստիտ ունեցա: Ֆուրագին խմեցի: Սակայն ամբողջությամբ չանցավ. ինչ-որ դիսկոմֆորտ, որովայնիս ներքևի հատվածում ցավեր, մշտապես միզելու ցանկություն, ծակոցներ ունեի... Երբ շատ հեղուկ եմ խմում, ասես մի փոքր լավ եմ զգում... Բայց Աստված չանի՝ հանկարծ թեթևակի մրսեմ. անմիջապես սկսվում է՝ զուգարանից գրեթե դուրս չեմ գալիս: Անդադար անալիզներ եմ հանձնում: Պատահում է՝ ասում են աղիքային ցուպիկ կա, այնուհետև ասում են՝ չկա... Ի՞նչպես կարող եմ ազատվել այս զզվելի երևույթից: Արդեն բոլոր հակաբորբոքայինները փորձել եմ...
Ուսումնասիրում եմ անալիզների կույտը: Մեզի, արյան անալիզներ, գինեկոլոգիական քսուքներ: Ինչ-որ ժամանակ հիվանդի մոտ հայտնաբերվել էր ուրեապլազմա և քլամիդիա, ստացել էր որակյալ հակաբակտերիալ բուժում: Այժմ քսուքները մաքուր են: Որոշ ժամանակ անց հայտնաբերվել էր պապիլոմա վիրուս, այժմ՝ ևս մաքուր է:
Հետազոտում եմ հիվանդին գինեկոլոգիական աթոռին. որևէ յուրահատուկ բան չկար, միզուկը նորմալ դիրքում էր, սկինային գեղձերը ցավեր չունեն, որևէ այլ պաթոլոգիա ևս չեմ գտնում: Կատարում եմ երիկամների, միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն. այստեղ ևս ոչինչ չկա՝ ոչ քարեր, ոչ ուռուզք: Միզապարկի վզիկը մի փոքր հաստացած է:
— Ցիստոսկոպիա արե՞լ եք:
— Ոչ, բժիշկ, վախենում եմ: Չէ՞ որ դա սարսափելի ցավոտ է, ֆորումներում եմ կարդացել: Ու հետո ոչինչ էլ չեն գտնում:
— Ձեզ անհրաժեշտ է ցիստոսկոպիա: Անհրաժեշտ է նայել՝ ինչ է պատահել միզապարկի լորձաթաղանթին: Երաշխավորում եմ՝ ցավ չի լինի. մենք ցիստոսկոպիան քնած վիճակում կանենք:
Մի քանի օր անց՝ ցիստոսկոպիա և միզապարկի բիոպսիա: Միզապարկի վզիկի մեջ արտահայտված լեյկոպլակիա էր, իսկ միզուղիում՝ մանր պոլիպներ:
Պրոֆ. Զ.Ս. Վայնբերգ
Քրոնիկ ցիստիտի ախտորոշում
Փորձենք հասկանալ՝ ինչ է պատահել մեր հիվանդին: Որոշ ժամանակ անց՝ սուր ցիստիտից հետո՝ ուրեապլազմոզի և քլամիդիոզի ֆոնի վրա, առաջացել էր միզապարկի վզիկի լեյկոպլակիա (ճշտում. նրա հիստոլոգիական ախտորոշման մեջ նշված էր՝ «վագինալ մետապլազիա»): Դրանից բացի՝ առկա էին միզուղու մանր պոլիպներ:
Միզապարկի լեյկոպլակիան կամ վագինալ մետապլազիան միզապարկի առողջ անցումային էպիթելային հյուսվածքի փոխարինումն է հարթ եղջերացած էպիթելային հյուսվածքով:
Ի՞նչ է նշանակում հանելուկային այս նախադասությունը: Ինչու՞ է մի էպիթելային հյուսվածքի փոխարինումը մեկ այլ էպիթելային հյուսվածքով հանգեցնում մշտական ցավերի, ծակոցների, դիսկոմֆորտի, հաճախամիզության:
Ահա թե ինչում է խնդիրը: Միզապարկի առողջ լորձաթաղանթը մեկուսացնում և պաշտպանում է ստորին պատը մեզի ազդեցությունից: Այդ մասում են գտնվում զգայուն նյարդային վերջավորությունները: Իսկ բորբոքումների, սեռավարակների, վիրուսային վարակների կամ էնդոկրինոլոգիական խնդիրների արդյունքում առաջանում է լեյկոպլակիա, որի դեպքում այդ պաշտպանությունը խախտվում է: Մեզն սկսում է ներթափանցել ստորին պատերի մեջ՝ գրգռելով նյարդերը և առաջացնելով մշտական դիսկոմֆորտ, հաճախամիզություն և ցավեր: Ըստ տարբեր տվյալների՝ նմանատիպ ախտանիշերից գանգատվող կանանց մինչև 63%-ը տառապում են միզապարկի լեյկոպլակիայով:
Եվ այս դեպքում ունենք մի քանի մեծ խնդիր: Սուր ցիստիտը ենթադրում է հակաբորբոքայինների պարտադիր նշանակում: Սակայն սուր ցիստիտն ընդամենը լեյկոպլակիայի հերթական զարգացումներից մեկն է, որը հանգեցնում է… սուր ցիստիտի հերթական նոպայի: Արժե՞ արդյոք զարմանալ, որ մեր հիվանդն արդեն անգիր գիտի բոլոր հակաբորբոքայինները, որ նա բավականին ծանոթ է իոնոֆորեզին, միզապարկի ներլցումներին, հոմեոպատիային… Եվ չգիտես ինչու՝ այդ ամենը չի տվել որևէ արդյունք: Չէ՞ որ նա ունի… Քրոնիկ ցիստիտ:Ոչ: Նա քրոնիկ ցիստիտով հիվանդ չէ: Նրա ախտորոշումը հնչում է հետևյալ կերպ. «Միզապարկի վզիկի լեյկոպլակիա (հվագինալ մետապլազիա), Միզուղու պոլիպներ, քրոնիկ կրկնվող բակտերիալ ցիստիտ»: Հնարավո՞ր է նրան բուժել: Իհարկե: Կարելի է բուժել թե՛ միզապարկի լեյկոպլակիան, թե՛ միզուկի պոլիպները: Իսկ վերացնելով պատճառը՝ կվերադարձնենք մարդուն նորմալ, որակյալ կյանք՝ առանց զրկանքների և սուր ցիստիտի նոպաների մշտական վախի զգացման:
Քրոնիկ ցիստիտի բուժումը
Քրոնիկ ցիստիտի բուժումը, առաջին հերթին, ենթադրում է պատճառների բացահայտումը և դրանց վերացումը: Հնարավո՞ր է արդյոք բուժել ինչ-որ անիրական, հավաքական ախտորոշում: Կասկածում եմ: Իսկ բուժել միզապարկի վզիկի լեյկոպլակիա՞: Այո: Միզուկի պոլիպնե՞րը: Իհարկե: Միզաքարային հիվանդությու՞նը: Անպայման: Միզուկի խորը դիրքը, որն ցիստիտ է առաջացնում սեռական հարաբերությունից հետո՞: Այո՛, լիովին:
Այսպիսով, քրոնիկ ցիստիտի ճիշտ բուժում հնարավոր է միայն ախտորոշումը մանրամասնելու դեպքում: Օրինակ, ինչի՞ մասին է խոսում «Միզուկի հեշտոցային դիստոպիա, քրոնիկ կրկնվող պոստկոիտալ ցիստիտ» ախտորոշումը: Այն մասին, որ ցիստիտի պատճառ է հանդիսանում միզուկի ոչ ճիշտ դիրքը, որ սեռական հարաբերության ընթացքում միզուկը բացվում է, առնանդամը միզապարկ է մտցնում անհամար բակտերիաներ: Իսկ հնարավո՞ր է արդյոք բուժել քրոնիկ ցիստիտի նման տարբերակ: Այո՛, իհարկե:
Քանի որ քրոնիկ ցիստիտի բուժումն անհնար է առանց մանրամասն ախտորոշման, ես խորհուրդ չեմ տալիս զբաղվել ինքնաբուժությամբ: Մտածեք ինքներդ. քրոնիկ ցիստիտի գանգատներով կնոջ հետ միայն զրույցն ու նրա զննումը տևում է 30-40 րոպե: Գինեկոլոգիական զննումը՝ միզուկի և հեշտոցի լորձաթաղանթի վիճակի գնահատումը պարտադիր է: Երիկամների, միզուղիների, միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն: Ցիստոսկոպիա՝ անզգայացմամբ. հիվանդը պետք է չզգա որևէ ցավ: Երբեմն ստիպված ենք լինում իրականացնել ընդհանուր և առանձին ուրոգրաֆիա և ֆունկցիոնալ հետազոտություններ՝ ՀՈՒԴՀ (համալիր ուրոդինամիկական հետազոտություններ): Մեզի անալիզը պարտադիր է բոլոր դեպքերում: Այդ ամենը պահանջում է ճիշտ մեկնաբանություն: Բավականին հետաքրքիր կարծիք կա, որ «քրոնիկ ցիստիտ» ախտորոշումը նշանակում է, որ բժիշկը խոստովանում է, որ չի կարողացել բացահայտել պատճառը...
Քրոնիկ ցիստիտի ժամանակակից բուժումը հանգում է երեք խնդրի. ցիստիտի արտաքին պատճառի վերացում, պայքար առկա վարակի դեմ, միզապարկի լորձաթաղանթի վերականգնում
... — Ես խորհուրդ եմ տալիս վիրահատություն. անհրաժեշտ է հեռացնել պոլիպները և միզապարկի լեյկոպլակիան:
— Վիրահատությու՞ն: Կտրե՞լ...
— Հըմ: Ձևակերպենք այլ կերպ՝ վիրահատություն առանց որևէ կտրվածքի: Տրանսուրետրալ ռեզեկցիա կամ լեյկոպլակիայի և պոլիպների տրանսուրետրալ ռեզեկցիա: Միջամտությունն իրականացվում է էնդոսկոպիկ մեթոդով:
— Վախենում եմ... Իսկ հիվանդանոցում երկա՞ր եմ պառկելու: Ցավո՞տ է:
— Ոչ: Չի ցավելու: Վիրահատությունն իրականացվում է ողնաշարային՝ սպինալ, կամ ներերակային անզգայացմամբ՝ ըստ Ձեր ցանկության: Վիրահատությունից հետո ցավազրկողների կարիք կունենաք 1-2 օրվա ընթացքում: Ձեզ տուն կուղարկեմ վիրահատության հաջորդ օրը, իսկ դրանից մեկ օր անց կկարողանաք աշխատանքի գնալ:
Հետագայում՝ վիրահատությունից հետո, ես այդ հիվանդիս հսկողության տակ էի պահում ևս մեկ և կես տարի: Այդ ժամանակահատվածում նա հասցրեց ամուսնանալ և առողջ երեխա լույս աշխարհ բերել: Նա մոռացավ քրոնիկ ցավի, ցիստիտի նոպաների, մշտապես հակաբորբոքայիններ ընդունելու մասին:
Եթե Դուք հիվանդ եք քրոնիկ ցիստիտով և ցանկանում եք հետազոտվել և բուժում ստանալ Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները, կկայացնենք ախտորոշում և կպլանավորենք բուժման անհրաժեշտ ծավալը: Մեկ օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն: