+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Հիդրոնեֆրոզ

Ընթերցանության ժամանակը: 6 րոպե
Հոդվածում

Հիդրոնեֆրոզի ախտանիշերը և հետևանքները

Հիդրոնեֆրոզը երիկամների հիվանդություն է՝ միզածորանների սեղմման արդյունքում երիկամային ավազանների և բաժակների լայնացում, որը հանգեցնում է երիկամների կորստի: Այս հոդվածում ես ներկայացնում եմ այս հիվանդության պատճառով առաջացած խնդիրները և բուժման ժամանակակից մեթոդը՝ հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատությունը:

Ախտորոշումը՝ հիդրոնեֆրոզ

Յուրահատկություն. հիդրոնեֆրոզը պատկանում է հիվանդությունների այն շարքին, որոնք սովորաբար անվանվում են «լռակյաց դահիճ»: Թվում է՝ առանձնապես ի՞նչ կարող է լինել երիկամի ավազանա-բաժակային համակարգի լայնացման մեջ: Չէ՞ որ մեծ մասամբ այս հիվանդության դեպքում երիկամներն առանձնապես չեն ցավում: Նախ մեծանում են դրանց չափերը, այնուհետև դրանք դադարում են աշխատել և «մահանում» են: Եթե այդ ամենին ավելանում է վարակ, օրգանն առավել արագ ենք կորցնում:
Որպես կանոն՝ հիդրոնեֆրոզի պատճառ է հանդիսանում միզածորանի թեթևակի նեղացումը, ինչը կարող է առաջանալ անոթի սեղմման արդյունքում, սակայն դժբախտաբար, երբեմն հայտնաբերվում են սեղմող առավել լուրջ գործոններ՝ ետորովայնային, աղիքի կամ արգանդի ուռուցքներ, որոնք փակում են միզուղիները:

Հիդրոնեֆրոզ. վիրահատություն

image/svg+xml

- Հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատությունը համարվում է հիդրոնեֆրոզի բուժման «ոսկե ստանդարտ»: Դա առանց կտրվածքների, առանց ցավերի և տգեղ սպիների և բարձր արդյունավետությամբ առանձնացող մեթոդ է:
- Միզածորանի ստենտավորում և պունկցիոն նեֆրոստոմիա. նվազագույն տրավմաներով մեթոդներ են, որոնք մեր կողմից կիրառվում են մեզի հոսքի վերականգնման նպատակով՝ երկու դեպքում: Առաջինը՝ հիդրոնեֆրոզի վերջին ստադիայի դեպքում. այդ մեթոդները երբեմն թույլ են տալիս փրկել երիկամը: Երկրորդը՝ երբ ուռուցքը սեղմում է միզածորանը. ստենտավորումը կամ պունկցիոն նեֆրոստոմիան թույլ են տալիս խուսափել երիկամային անբավարարությունից:

Հիդրոնեֆրոզի սովորական ախտանիշերը

«Պարբերաբար կողքս ձգվում էր, գնացի պոլիկլինիկա, ուլտրաձայնային հետազոտություն արեցին, ասացին՝ երիկամի հիդրոնեֆրոզ է», «Գրեթե ոչինչ չէր անհանգստացնում, աշխատանքի վայրից ուղարկեցին ընդհանուր բուժզննման, հայտնաբերվեց երիկամի լայնացում», «Մի անգամ կողքս սուր ցավեց, շտապ օգնություն կանչեցի: Ասացին՝ երիկամային խիթ է, սակայն քարեր չկային: Հետազոտության արդյունքում պարզվեց՝ երիկամի ավազանի լայնացում»: Այսպիսիք են հիդրոնեֆրոզով տառապող հիվանդների մեծ մասի գանգատները: Ախտանիշերը ցայտուն չեն դրսևորվում. միանգամայն առողջ վիճակում ամպրոպի պես գլխիդ է ընկնում ախտորոշում՝ հիվանդ երիկամներ: Ամեն բան շատ ավելի է բարդանում, եթե հիվանդությունը հայտնաբերվում է արդն 3-րդ ստադիայում, և պոլիկլինիկայի բժիշկը հիվանդին ուղարկում է օրգանը հեռացնելու:

Զարմանալի, տարօրինակ հիվանդություն: Ցավեր չկան, որպես կանոն՝ հիվանդն անվստահությամբ բժշկին է նայում, երբ վերջինս մռայլ նայում է ուլտրաձայնային սարքի էկրանին և ասում, որ պահանջվում է հետազոտությունների մի ամբողջ շարք: Բժիշկը սկսում է ինչ-որ տարօրինակ ու անհասկանալի բառեր արտաբերել՝ էկսկրետորային ուրոգրաֆիա, նեֆրոսցինտիգրաֆիա, կոնտրաստավորմամբ համակարգչային 3D տոմոգրաֆիա և բազմաթիվ այլ անալիզներ: Լիակատար երջանիկ մարդը և առողջ մարդը, առանց որևէ նախադրյալի, հանկարծակի վերածվում է «Ձախ երիկամի հիդրոնեֆրոզ» ախտորոշմամբ հիվանդի: Նրան իսկապես անհասկանալի է՝ ինչու՞ պետք է ինձ վիրահատեն, եթե որևէ ցավ չունեմ: Ի՞նչ է ընդհանրապես նշանակում այդ անհասկանալի բառը՝ հիդրոնեֆրոզ:

«Տարօրինակ տերմիններ ունեք բժշկության մեջ, Դիլանյա՛ն: Այ, օրինակ, հիդրոնեֆրոզ: Կամ ջրի երիկամացում, թե՞ երիկամի ջրակալում…»
Հատված լինգվիստի հետ զրույցից

Հիդրոնեֆրոզը միզածորանի սեղմման և մեզի հոսքի խանգարման արդյունքում երիկամի (նրա ավազանի և բաժակների) աճող լայնացումն է: Հիվանդությունն առանց բուժման թողելու արդյունքում օրգանի գործունեությունը դադարում է:

Հիդրոնեֆրոզ. երիկամներ, ավազաններ, միզածորաններ

Ըստ էության, երիկամը բաժանվում է երկու մասի՝ պարենխիմա և բաժակա-ավազանային համակարգ: Պարենխիման (կամ երիկամի հյուսվածքային մասը) արտադրում է մեզ, որը հավաքվում է ավազանում և լցվում միզածորան ու միզապարկ: Իսկ ահա եթե ավազանից դեպի միզածորան ընկած հատվածում առաջանում է սեղմում, այսինքն՝ մեզի անցման համար խոչընդոտ, ապա երիկամի ավազանը լայնանում է կամ, այլ կերպ ասած՝ առաջանում է հիդրոնեֆրոզ:

«
»
Առողջ երիկամ՝ բաժակներով, ավազանով և միզածորանի վերին հատվածով
Միզածորանի առջև գտնվող անոմալ անոթ
Նեղ հատվածի առաջացում անոթի և միզածորանի հատման մասում
Մեզի հոսքի խանգարում և երիկամի ավազանի լայնացում: Երիկամների ֆունկցիայի խանգարում
Հիդրոնեֆրոտիկ տրանսֆորմացիա. երիկամային հյուսվածքը մահանում է
«Եթե Ձեզ համար բարդ է հիվանդին բացատրել նրա հիվանդության էությունը,
նշանակում է՝ Դուք ինքներդ դեռևս չեք հասկացել այդ էությունը: Դուք զրո՛ եք:
Պրոֆեսոր Վիշնևսկուն վերագրվող խոսքեր

Երիկամների հիդրոնեֆրող. ի՞նչ է դա, և ինչպիսի՞ն է հիվանդության ելքը

Թվում է՝ երիկամը լայնացել է, հետո՞ ինչ: Չէ՞ որ ցավեր չկան, ինքնազգացողությունը հիանալի է, դե… չէ՞ որ տրամաբանական չէ կնոջն արգելել հղիանալ և ծննդաբերել հիդրոնեֆրոզի վիրահատությունից առաջ: Կամ՝ օդաչուին արգելել թռչել. ասենք՝ հիվանդացել էր, հետո՞ ինչ:
Ծայրահեղ կարևոր է հասկանալ, որ հիվանդության առաջացումը դանդաղ գործընթաց է. չէ՞ որ ավազանը միանգամից չի լայնանում: Դրանով է պայմանավորված ցավային զգացումների բացակայությունը: Սակայն ավազանում ճնշման բարձրացումը հանգեցնում է ֆունկցիոնալ խանգարումների՝ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ մեզ արտադրել: Ինչու՞ արտադրել, եթե արդեն իսկ գոյություն ունեցող մեզը դուրս չի գալիս օրգանիզմից:
Ներքին ճնշումն ուղղակի սպանում է երիկամը. մանր անոթների սեղմումը խախտում է արյունահոսությունը և, ի վերջո, հանգեցնում երիկամի կորստին: Այն վերածվում է մեզով լի մի պարկի: Այդտեղ անտիբիոտիկներ չեն թափանցում, դիմադրողականություն չկա, ուստի այդ պարկում վարակ հայտնվելու դեպքում առաջանում է թարախային բորբոքում, որը կարող է անհետաձգելի վիրահատության առիթ հանդիսանալ: Այդ իսկ պատճառով, երիկամի ավազանի լայնացումը պահանջում է անհապաղ ախտորոշում և ժամանակին իրականացված վիրահատություն: Յուրաքանչյուր բժշկի համար երիկամի հեռացումը հավասար է պարտության. չէ՞ որ դա նշանակում է, որ նրան չի հաջողվել փրկել օրգանը: Իսկ թե ինչ է զգում հիվանդը, երբ նրան հայտնում են, որ առողջ օրգանի տեղում այժմ ընդամենը դատարկ պարկ է, որը ենթակա է հեռացման… դժվար է պատկերացնել:

Հիդրոնեֆրոզը ենթադրում է պիելոնեֆրիտի, զարկերակային հիպերտոնիայի և երիկամի կորստի ռիսկ

Հղիության ընթացքում աջ և ձախ երիկամների հիդրոնեֆրոզ

- Բժի՛շկ, ինձ մոտ հայտնաբերվել է աջ երիկամի հիդրոնեֆրոզ: Ինձ ուղարկեցին Ձեզ մոտ՝ երիկամս հեռացնելու: Արգելում են հղիանալ: Ես միշտ առողջ եմ եղել, զբաղվել եմ սպորտով, չեմ խմել, չեմ ծխել...
Իմ առջև նստած է երիտասարդ մի աղջիկ: Նա դժվարությամբ է զսպում արտասուքը: Ամուսնացել է վերջերս: Երբ որոշել են երեխա ունենալ, կանացի կոնսուլտացիայի շրջանակում անցել է ուլտրաձայնային հետազոտություն, որի արդյունքում նրան հայտնել են այդ սարսափելի ախտորոշումը՝ աջ երիկամի հիդրոնեֆրոզ:
- Սպասե՛ք, խնդրում եմ, մի՛ լացեք, - նրան եմ մեկնում մեկ բաժակ ջուր և ժպտում եմ, - Ձեզ ինձ մոտ են ուղարկել ընդամենը կոնսուլտացիայի նպատակով և, հնարավոր է, ոչ նրա համար, որպեսզի հեռացնենք Ձեր երիկամը: Համակարգչային տոմոգրաֆիա անցե՞լ եք: Սկավառակը Ձեզ մո՞տ է:
- Այո:
Մտցնում եմ սկավառակը համակարգչի մեջ: Տարօրինակ է, բայց աջ երիկամը միանգամայն նորմալ է թվում: Իսկ ահա ինչ վերաբերում է ձախ երիկամին՝ այո: Ձախից առկա է ավազանի լայնացում՝ 3-րդ աստիճանի: Ասում եմ այդ մասին հիվանդին:
- Վա՜յ, Դուք իրավացի եք, - նեղսրտում է նա, - ոչ թե աջ, այլ ձախ երիկամի հիդրոնեֆրոզ:
Իրականացնում եմ պատկերների եռաչափ ռեկոնստրուկցիա: Միանգամայն հստակ երևում է երիկամի լրացուցիչ անոթը, որը և փակում է ավազանային-միզածորանային հատվածը:
Երիկամը գրեթե չի գործում, դա հստակ երևում է ներոսցինտիգրաֆիայի վրա, - այնպես որ, բժիշկը, որն ասել էր, որ երիկամն անհրաժեշտ է հեռացնել, առաջին հայացքից իրավացի էր...
- Մի՞ թե որևէ այլ ելք չկա: - մտահոգված՝ հարցնում է հիվանդը, - Մի՞ թե միայն երիկամի հեռացում: Իսկ չէ՞ որ Դուք ինչ-որ բան անում եք երկկողմանի հիդրոնեֆրոզի դեպքում: Չէ՞ որ չեք հեռացնում միանգամից երկու երիկամը:
- Հարցն, ըստ էության, ճիշտ է: Գիտե՞ք, եթե փակված է մեզի ելքը երիկամից՝ թե՛ մեկ, թե՛ երկու երիկամի դեպքում, ապա ախտորոշման մեր բոլոր, նույնիսկ ամենաթանկարժեք հնարավորությունները մեզ թույլ չեն տա հասկանալ երիկամում մնացած պահուստների քանակը: Երիկամն այլևս չի աշխատում և վե՛րջ, հետևաբար, օրենքով անհրաժեշտ է հեռացնել այն:
- Օրենքո՞վ:
- Դե այո: Եկե՛ք այսպես անենք: Մենք երիկամում նեֆրոստոմա կտեղադրենք՝ բարակ խողովակ: Այդպիսով, մենք կվերացնենք մեզի հոսքի խոչընդոտը և օրգանիզմին հնարավորություն կտանք դրսևորել իր պահուստային հնարավորությունները: Եթե մեկ ամսվա ընթացքում երիկամն ուշքի գա և սկսի մեզ արտադրել, ապա կիրականացնենք լապարոսկոպիկ վիրահատություն՝ ավազանային-միզածորանային սեգմենտի պլաստիկա: Եվ ստիպված չենք լինի այն հեռացնել:

«Բուժել, ուրեմն բուժել…»
Բժիշկ և երգահան-գուսան՝ Ա.Յա. Ռոզենբաում

Ձախ և աջ երիկամների հիդրոնեֆրոզի բուժումը

Հիդրոնեֆրոզի բուժումը ենթադրում է, առաջին հերթին, մանրակրկիտ հետազոտություն՝ հիդրոնեֆրոզի առաջացման պատճառը բացահայտելու նպատակով:
Ի՞նչ է դա. լրացուցիչ անո՞թ, որը սեղմվում է սեգմենտին, ներսում սպիացման գործընթա՞ց, որն առաջացել է քարի անցման արդյունքում, թե՞ գոյացություն, որը դրսի կողմից սեղմում է միզածորանը:

Հիդրոնեֆրոզի առավել հաճախ հանդիպող պատճառն է երիկամի լրացուցիչ անոմալ անոթի առկայությունը, որը սեղմելով երիկամի ավազանից միզածորանի ելքի մասը՝ ժամանակի ընթացքում ստեղծում է ստրիկտուրա՝ ավազանային-միզածորանային սեգմենտի նեղացում:

Հետազոտություններ՝ հիդրոնեֆրոզ կասկածելու դեպքում

Գործու՞մ է դեռ արդյոք երիկամը, արդյոք իմաստ կա՞ փորձել փրկել այն, թե՞ անհրաժեշտ է հեռացնել այն: Մի շարք հետազոտություններ հնարավորություն են տալիս պատասխանել բոլոր այս հարցերին՝ ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, դինամիկական նեֆրոսցինտիգրաֆիա:
Եթե այն չի գործում և դարձել է մշտական վարակների և զարկերակային հիպերտոնիայի աղբյուր, ապա ընտրության հնարավորությունը, ցավոք սրտի, մեծ չէ՝ անհրաժեշտ է իրականացնել նեֆրէկտոմիա՝ երիկամի հեռացում:
Սակայն եթե գոյություն ունի երիկամը փրկելու նվազագույն հնարավորություն, ապա նշանակվում է հիդրոնեֆրոզի վիրահատություն, որի իմաստն է՝ ավազանային-միզածորանային սեգմենտի նեղացման վերացումը:
 

Հետազոտություններ հիդրոնեֆրոզի դեպքում

Մեզի ընդհանուր անալիզ

Պատասխանում է այն հարցին, թե կա՞ արդյոք վարակ: Նաև՝ թույլ է տալիս պատկերացում կազմել մեզի խտության, այսինքն՝ երիկամների ֆունկցիայի մասին:

Արյան բիոքիմիական անալիզ

... Ավելի ստույգ՝ կրեատինինի և միզանյութի անալիզ, որի միջոցով գնահատվում է երիկամի ֆունկցիան և մյուս երիկամի՝ կոմպենսատորային հնարավորությունները:

Երիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Այս հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել հիվանդությունը, պարզել ավազանի չափերը և քարերի առկայությունը:

Համակարգչային տոմոգրաֆիա

Կարևորագույն հետազոտությունն է, որի միջոցով հնարավոր է բացահայտել բաժակա-ավազանային համակարգի լայնացումները:

Դինամիկական նեֆրոսցինտիգրաֆիա

Այս հետազոտության միջոցով ճշգրիտ տվյալներ ենք ստանում երիկամի ֆունկցիայի խանգարման վերաբերյալ: Հաճախ այն ապահովագրում է հիվանդին երիկամի անհիմն հեռացումից:

Ռետրոգրադային ուրետերոգրաֆիա

Կասկածներ առաջանալու դեպքում այս հետազոտությունը թույլ է տալիս պատասխանել այն հարցին, թե գոյություն ունե՞ն արդյոք նեղացումներ և քարեր ամբողջ միզածորանում, ինչպես նաև հասկանալ՝ առկա՞ է այնտեղ արդյոք ուռուցք:

Այս հիվանդության դեպքում մեկ այլ թաքնված խնդիր է... Զարկերակային հիպերտոնիան: Դեպի երիկամ արյան մատակարարման խանգարումը ստիպում է օրգանին արտադրել զարկերակային ճնշումը բարձրացնող նյութեր: Որպես եզրակացություն՝ կարելի է ասել, որ հիդրոնեֆրոզը ենթադրում է ռիսկ՝ վարակների, զարկերակային հիպերտոնիայի և երիկամի մահվան առումով:

«Երբեք մի՛ մոռացեք հիվանդի կյանքի որակի մասին»
Պրոֆեսոր Պատիլ

Հիդրոնեֆրոզ. վիրահատության տեսակները

Հիդրոնեֆրոզի վիրահատության էությունն է՝ մեզի հոսքի խանգարման պատճառի վերացումը: Առավել հաճախ դա նշանակում է՝ նեղացած հատվածի հեռացում և սեգմենտի անցանելիության վերականգնում:

«
»
Նեղացած ավազանա-միզածորանային սեգմենտը և անոմալ անոթը՝ նեղացած հատվածի առաջնային մասում:
Հեռացվում է միզածորանի նեղացած հատվածը...
Ավազանը և միզածորանը կարվում են միմյանց...
...Իսկ անոմալ անոթը տեղափոխվում է սեգմենտի ետնամաս՝ ռեցիդիվից խուսափելու նպատակով:
Վերջնական տեսքը վիրահատությունից հետո. նեղացած հատվածը հեռացված է, անոթը տեղափոխված է ետնամաս:

Ստեղծվում է տարօրինակ, ինչ-որ առումով նույնիսկ՝ պարադոքսալ իրավիճակ. միզածորանի՝ մեզի հոսքը խանգարող մի փոքրիկ հատվածի հեռացման և այնուհետև սեգմենտը վերականգնելու նպատակով մի քանի կար դնելու համար ստիպված են լինում իրականացնել... 20-25 սանտիմետրանոց կտրվածք: Հիվանդի համար առաջանում է վարակի, արյունահոսության, կպումային գործընթացի ռիսկ, իսկ հետվիրահատական շրջանում, ցավը թեթևացնելու նպատակով, նա ստիպված է լինում ընդունել թմրեցուցիչ ցավազրկողներ: Էլ չխոսենք սարսափելի սպիի և այդ տեղում ճողվածքի առաջացման հավանականության մասին:
Այդ դեպքում ինչպե՞ս անել, եթե հայտնաբերվել է այդ հիվանդությունը: Վիրահատությու՞ն, թե՞... համաձայնել երիկամի մահվանը:

Հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատություն

Այս իրավիճակի լուծումն է հանդիսանում հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատությունը՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում ընդունված բուժման ստանդարտ: 3-4 անցքերը, որոնց միջով մտցվում են հատուկ գործիքներ, թույլ են տալիս խուսափել մեծ կտրվածքով իրականացված վիրահատության կողմնակի էֆեկտներից: Չկան ցավեր, բորբոքում կամ կպումային պրոցես, չկան տգեղ սպիներ, իսկ հիվանդը հոսպիտալացվում է առավելագույնը 3-4 օր: Ընդ որում, օպտիկական հատուկ գործիքների կիրառումը թույլ է տալիս ապահովել վիրահատական դաշտի մինչև տասնապատիկ խոշորացում և հիդրոնեֆրոզի վիրահատությունն իրականացնել մեծ ճշգրտությամբ:

Հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատության առավելությունները

 

 

Հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատության առավելությունները

Վնասվածքի բացակայություն

Լապարոսկոպիկ վիրահատությունն իրականացվում է առավելագույնը 5 միլիմետրանոց 3-4 անցքի միջով: Հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատության ընթացքում մենք օգտագործում ենք մինի-լապարոսկոպիկ գործիքներ:

Արյունահոսության բացակայություն

Լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ապահովել վիրահատական դաշտի տեսանելիության՝ մինչև տասնապատիկ խոշորացում, հստակ տեսնել և պատահաբար չվնասել նույնիսկ ամենափոքր անոթները:

Ցավի բացակայություն

Մաշկի և մկանների միջով իրականացված լայն կտրվածքի բացակայությունն ինքնստինքյան արդեն հիվանդին ապահովագրում է հետվիրահատական ցավերից: 5մմ երկարությամբ անցքն ուղղակի չի կարող ցավել:

Վարակների բացակայություն

Քանի որ վիրահատության ընթացքում որովայնը շարունակում է փակ մնալ, որովայնի օրգանները պարզապես չեն առնչվում արտաքին միջավայրի հետ: Մանրէներն ուղղակի չեն կարող ներս թափանցել և առաջացնել բորբոքում:

Արագ ռեաբիլիտացիա

Հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատությունից երկու-երեք օր անց հիվանդը միանգամայն կարող է դուրս գրվել: Իսկ աշխատանքային գործունեությունը նա կարող է վերսկսել դրանից մեկ շաբաթ անց:

Ճողվածքների բացակայություն

Ի տարբերություն բաց վիրահատությունների՝ հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատությունից հետո ճողվածքներ չեն հանդիպիում: Պարզապես այն պատճառով, որ վիրահատությունն իրականացվում է առանց կտրվածքի:

Վիրահատությունից մեկ տարի անց...

- Բարև Ձեզ, Հովհաննես Էդուարդովիչ, կարելի՞ է, - դռների մեջ կշտեսնում եմ հիվանդիս: Վիրահատությունից անցել էր մեկ տարի:
- Նե՛րս մտեք: Մի տեսե՜ք-տեսե՜ք, - զարմանում եմ ես: - Մի տեսե՜ք... Փաստորեն... 5-6 ամսական հղիությու՞ն:
- Ահա, - Երջանիկ ժպտում է հիվանդս, - Ինձ այստեղ են ուղարկել կանացի կոնսուլտացիայից, որպեսզի ուլտրաձայնային հետազոտություն անցնեմ: Ահա՛: Ամեն բան կարգին է: Մտա, որ Դուք ևս տեսնեք:
- Այո, այո, - Նայում եմ նկարները, - Իսկապես որ ամեն ինչ նորմալ է: 
- Հովհաննես էդուարդովիչ, ես Ձեզ նվեր եմ բերել, - Ամաչելով ասում է հիվանդս՝ ինձ մեկնելով ինչ-որ փաթեթ, - ահա սա՝ ի նշան շնորհակալության:
…Մտածում էի՝ ինչ-որ ալկոհոլային խմիչք է: Սխալվում էի՝ Գիրք էր: Յան Կուչերայի “Հիդրոնեֆրոզ” գիրքը: Ի միջիայլոց հազվագյուտ հանդիպող գիրք է…

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է հիդրոնեֆրոզի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք վիրահատությունը Ձեր ժամանումից 1-2 օր անց: Եվս 4 օր անց Դուք կարող եք վերադառնալ տուն:

image/svg+xml
image/svg+xml
Կարծիքներ
Նիկոլայ

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Դիմեցի բժշկին անմիջապես այն բանից հետո, երբ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները ցույց տվեցին, որ երիկամներիցս մեկը գրեթե չէր աշխատում, և կար ռիսկ, որ առհասարակ կկորցնեի այն, եթե անմիջապես չդիմեի բժշկի: Հաջորդ օրն իսկ ընդունվեցի հիվանդանոց, իսկ դրա հաջորդ օրն արդեն իրականացվեց լապարոսկոպիկ վիրահատություն՝ հիվանդ հատվածը հեռացնելու նպատակով: Ամեն ինչ գերազանց ավարտվեց, չնայած այն հանգամանքին, որ վիրահատությունը երկարատև էր և բարդ:
Բժիշկը վերին մակարդակի պրոֆեսիոնալ է, չնայած ես նրան դիմելիս արդեն իսկ գիտեի այդ մասին: Գործընթացի ողջ կազմակերպչական մասը՝ սկսած հոսպիտալացման պահից, մինչև բուն վիրահատությունը և դուրսգրումս, իրականացվեց բարձր մակարդակով: 
Մի խոսքով՝ երաշխավորում եմ:

Հիդրոնեֆրոզ
կարդալ ավելին
Հիդրոնեֆրոզ
կարդալ ավելին