+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Քար միզածորանում

Ընթերցանության ժամանակը: 4 րոպե
Հոդվածում

Միզածորանում քարի առկայությունը միզաքարային հիվանդության ամենասուր դրսևորումն է:

Միզածորանն իրենից ներկայացնում է 3մմ ներքին տրամագծով նեղ խողովակ, որը միմյանց է միացնում երիկամը և միզապարկը: Այդ իսկ պատճառով՝ երիկամից դուրս եկող ցանկացած քար վերածվում է մեզի հոսքը խանգարող խցանի: Մեզը սկսում է կուտակվել երիկամում՝ այդպիսով լայնացնելով այն: Առաջանում է սուր ցավ:

Միզածորանում քարերի առկայության ախտանիշերը

Յուրահատկություն: գրեթե միշտ լինում են սուր ցավի կամ երիկամային խիթերի նոպաներ: Ճնշող մեծամասնությամբ դրանց է գումարվում վարակ, իսկ երբեմն նաև՝ երիկամը կորցնելու սպառնալիքը: Երբեմն քարը սերտաճում է միզածորանում, ինչի արդյունքում առաջանում է երիկամի լայնացում և ինչը ենթադրում է ծայրահեղ բարդ բուժում: Թվում է՝ փոքր քար է, սակայն դրա առաջացրած խնդիրներն անհամար են:
Միզածորանից քարի հեռացում: Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն դա չէ բժշկի առաջնային խնդիրը: Գլխավոր խնդիրն է՝ վերականգնել մեզի հոսքը, քանի որ կանգային մեզում արագ են զարգանում մանրէները, և առաջանում է սուր թարախային պիելոնեֆրիտ՝ ծայրահեղ ծանր վիճակ: Համաձայնե՛ք, որ իսկապես թյուրիմացություն է, երբ մի փոքրիկ քարի պատճառով, որով նույնիսկ ճնճղուկ չի հաջողվի սատկացնել, կարելի է կորցնել երիկամը, կամ ավելին՝ կյանքը...

Քար միզածորանում. վիրահատություն

image/svg+xml

Չհասկացա: Ի՞նչ է, միանգամից վիրահատությու՞ն: Իհարկե՝ ոչ: Նախ, ինչպես ասացինք նախորդիվ, անհրաժեշտ է վերականգնել մեզի հոսքը:
Միզածորանի ստենտավորում. ստենտի՝ սնամեջ խողովակի տեղադրում միզածորանում՝ քարի կողքին: Ստենտը հնարավորություն է տալիս նորմավորել մեզի հոսքը:
Քարափշրում. մեծ մասամբ հնարավոր է իրականացնել դիստանցիոն եղանակով և հաճախ՝ առանց նախնական ստենտավորման:
Միզածորանից քարի հեռացում. առանց կտրվածքի էնդոսկոպիկ հեռացում կամ քարի ուրետերոսկոպիկ լազերային փշրում: Այս մեթոդն ընտրվում է այն դեպքում, երբ անհնարին է քարը փշրել կամ դուրս բերել՝ առանց վիրահատության:

Ի՞նչ անել, եթե քարը խցանվել է միզածորանում

Ցավ: Միզածորանի քարերին գրեթե միշտ բնորոշ է ալիքաձև, ծանր, քայքայող ցավը: Պարզապես այն պատճառով, որ ընդամենը 3-4 միլիմետրանոց քարն ընդունակ է փակել մեզի հոսքը: Մեզը հավաքվում է երիկամի ավազանում, ավազանը լայնանում է և ջանում կրճատվել: Դա այնպիսի սպազմ է, որը կանայք հաճախ համեմատում են ծննդաբերության ցավերի հետ: Մարդու միակ ցանկությունն է՝ ազատվել այդ ցավից: Կարևոր չէ՝ ինչպես. կույտերով դեղեր, սրսկումներ... միայն թե այլևս չցավի:

Հաճախ այդ ցավից առաջանում է սրտխառնոց, երբեմն բարձրանում է զարկերակային ճնշումը, իսկ եթե քարը տեղակայված է ստորին հատվածում (միզապարկի մոտակայքում), ապա միզելու մշտական ցանկությունը հանգիստ չի տալիս: Չնայած՝ միզապարկը դատարկ է:

Զուտ մարդկայնորեն շատ հեշտ է հասկանալ մի իրականություն. ոչ ոք չի ցանկանում ծանր ցավ զգալ: Դա միշտ պատահում է ոչ ժամանակին, մշտապես խախտում է այս կամ այն պլան՝ գործնական հանդիպում, գործուղում, վերջապես՝ արձակուրդ: Սակայն ծայրահեղ կարևոր է իմանալ հետևյալը. ցավազրկումը դեռևս բուժում չէ: Մի քանի օր կարելի է թեթևացնել ցավերը, այնուհետև երիկամն առհասարակ կդադարի ցավել: Թվում է՝ ի՜նչ լավ է, ամեն բան վերջացավ: Սակայն այս ամենն ունի երկու թաքնված կողմ. առաջին հերթին՝ եթե այս ամենին միանա նաև վարակը, ապա գործը կարող է հասնել թարախային պիելոնեֆրիտի և սեպսիսի, ինչը հաճախ հանգեցնում է երիկամի մահվանը: Երկրորդ հերթին՝ երիկամը կարող է պարզապես դանդաղ մահանալ՝ ուղղակի վերածվելով մեզով և քարով լի մի անպետք պարկի:

«Տարերքներից Հողը մի սարսափելի և
անվերահսկելի զենք ունի, որի անունն է՝ քարաթափ»
Սուն Ցզի «Պատերազմի արվեստը»

Որտեղի՞ց են միզածորանում քարեր հայտնվում

Գրեթե բոլոր դեպքերում քարը միզածորան է ընկնում երիկամից: Կամ դա փոքր քար է, կամ՝ մեծ քարի բեկոր: Ահա և բոլորովին անպետք մի բան՝ երիկամի քար: Թվում է՝ նստած է իր համար երիկամում, բացարձակապես առանց որևէ ցավի, բայց աստիճանաբար մեծանում է: Եվ ահա հետո… Ցնցումներով երթևեկելը, վազքը, երբեմն նույնիսկ բուռն սեռական հարաբերությունը ստիպում են, որպեսզի այդ քարը դուրս գա երիկամից և իջնի դեպի ներքև: Նման դեպքում քարն ասես խցան լինի ռետինե խողովակի մեջ՝ խանգարում է մեզի հոսքը: Առաջանում է միզականգ, լայնանում է երիկամի ավազանը և ի հայտ գալիս երիկամային խիթի նոպա:
Այս դեպքում գոյություն ունի իրադարձությունների զարգացման մի քանի սցենար.

  • Քարը փոքրիկ է և դուրս կգա ինքնուրույն: Դեպքերի նմանատիպ ընթացք կարելի է սպասել այն դեպքում, երբ քարը չափերով մեծ չէ, և հիվանդի մոտ միզածորանի նեղացում չկա: Ամեն դեպքում անհրաժեշտ է իրականացնել երիկամների ուլտրաձայնային հետազոտություն:
  • Իրավիճակին կգումարվի վարակ, և կառաջանա սուր պիելոնեֆրիտ: Դա ծանր իրավիճակ է, որը պահանջում է ծայրահեղ միջոցների ձեռնարկում՝ երիկամի ստենտավորում՝ մեզի հոսքը վերականգնելու նպատակով, և անտիբակտերիալ թերապիա:
  • Հիվանդը մի քանի օր կընդունի ցավազրկողներ, մինչև երիկամը «լռի», այսինքն՝ դադարի մեզ արտադրել: Ցավերը կվերանան, սակայն մի քանի ամիս անց կպարզվի, որ երիկամը մահացել է՝ դառնալով մեզով լի մի անպետք պարկ, և որ անհրաժեշտ է այն հեռացնել…

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց դեպքում միզածորանում քարի առկայությունը ենթադրում է ոչ միայն ծանր, հյուծող ցավ, այլև՝ թարախային պիելոնեֆրիտի և երիկամի կորստի սպառնալիք

Աշխատանքային սովորական մի պատմություն

…- Գիշերվա ժամը 3-ին կլինիկա է դիմում 34-ամյա մի հիվանդ՝ միզաքարային հիվանդությամբ, աջ միզածորանի՝ ստորին մեկ երրորդ մասում քարով և երիկամային խիթով, - առավոտյան խորհրդակցության ընթացքում զեկուցում է հերթապահ բժիշկը, - Արտահերթ կարգով իրականացվել են բոլոր անհրաժեշտ անալիզները և հետազոտությունները, հիվանդը ցավազրկված է, գիշերվա մյուս մասն անց է կացրել հանգիստ՝ քնած վիճակում:
Նայում ենք երիկամի համակարգչային տոմոգրաֆիայի նկարները: Ա՜յ քեզ բան… գրեթե մեկ սանտիմետրանոց քար… Սովորաբար նմանատիպ քարերը խցանված են մնում արդեն երիկամից դուրս գալու հատվածում: Ըստ Հաունսֆիլդի սանդղակի՝ քարի խտություննը կազմում է 1000 միավոր: Իսկ դա արդեն իսկ անհնարին է դարձնում քարափշրումը դիստանցիոն եղանակով:
- Պատմե՛ք, խնդրում եմ, ինչպիսի՞ն են այդ ցավերը և երբանի՞ց են դրանք սկսվել, - արդեն զրուցում եմ հիվանդի հետ:
- Ես տեղյակ էի, որ քար կա երիկամիս մեջ, - նյարդայնացած պատմում է հիվանդը, - Հիմարի պես անընդհատ ձգձգեցի: Երեկ նոր պայմանագիր էինք ստորագրել, մի փոքր գարեջուր խմեցի, այնուհետև տաքսիով եկա մինչև տուն… Մոսկվայից դուրս եմ ապրում, իսկ այնտեղ ճանապարհն ասֆալտապատ չէ, մեքենան ցնցվելով էր գնում… Հասա տուն, և սկսվեց: Մեջքս ցավում էր, ցավը տարածվում էր դեպի աճուկներս, ուժ չունեի համբերելու: Միևնույն ցավն էր թե՛ պառկած, թե՛ կանգնած վիճակում… Շնորհակալ եմ բժշկին, որն արագ հասկացավ՝ ինչում է խնդիրը, իրականացրեց ուլտրաձայնային, ռենտգեն հետազոտություններ և այլն… Ցավազրկող սրսկեց: Իսկ ես վաղը երեկոյան պետք է թռչեմ Սուրգուտ: Չգնալ չեմ կարող, պայմանագիրը կկորցնենք:
- Դե, ջերմությունս բարձր չէր, երիկամի բորբոքում ևս չկա: Կարծում եմ՝ մեզ կհաջողվի Ձեզ վիրահատել և վաղն ուղարկել Սուրգուտ, - ասում եմ ես ժպտալով, - Խնդրում եմոչինչ չուտել և ոչինչ չխմել: Սկսելու ենք 1-1,5 ժամից:
- Ինչպե՞ս թե վիրահատելու եք, - սարսափած՝ հարցնում է հիվանդը, - չէ՞ որ դրանից հետո ես մեկ-երկու շաբաթ ստիպված եմ լինելու պառկել:
- Դե… Ինչպե՞ս ասել: Չէ՞ որ էնդոսկոպիան ևս վիրահատություն է համարվում: Մի՛ վախեցեք, մենք կփշրենք միզածորանի քարը լազերով, իսկ վիրահատության հաջորդ օրը միանգամայն լավ կզգաք Ձեզ: Համենայն դեպս կտեղադրվի ստենտ՝ թռիչքի ընթացքում Ձեզ անսպասելի երևույթներից ապահովագրելու նպատակով, - նկարում եմ վիրահատության սխեման, բացատրում եմ արագ առողջացում ակնկալելու հիմքերը, - Ոչինչ չուտեք, լա՞վ:

Փոքրիկ կայծը քաղաքներ է այրում...

Միզածորանում քարերի ախտորոշումը

Գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, որոնք իրականացվում են քարերի առկայության դեպքում՝ օպերատիվ կերպով:

Միզածորանում քարի առկայության դեպքում հետազոտության մեթոդները

Մեզի ընդհանուր անալիզ

Իրականացվում է հիվանդի՝ անմիջապես մեզ դիմելու պահին, քանի որ քարի առկայությունը ենթադրում է թրախային պիելոնեֆրիտի շատ բարձր ռիսկ, իսկ մեզի ընդհանուր անալիզը մեզ թույլ է տալիս հասկանալ բորբոքման աստիճանը:

Արյան ընդհանուր անալիզ

Այս հետազոտությունը ևս իրականացվում է անհապաղ, նույն պատճառով. թարախային պիելոնեֆրիտի հնարավոր ռիսկն անդրադառնում է լեյկոցիտների  մակարդակի վրա և, դրանով իսկ, ցույց տալիս, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում բորբոքմանը:

Արյան բիոքիմիական անալիզ

Տվյալ անալիզի բազմաթիվ ցուցանիշներ խիստ անհրաժեշտ են՝ օրգանիզմի վիճակը հասկանալու համար: Օրինակ, կրեատինինը նախազգուշացնում է երիկամների ֆունկցիայի խանգարման, իսկ գլյուկոզան՝ շաքարային դիաբետի առկայության մասին:

Երիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Թույլ է տալիս գնահատել երիկամի լայնացումը, դրանում արյան մատակարարման խանգարման աստիճանը, ինչպես նաև՝ մի շարք դեպքերում, տեսնել և հասկանալ անմիջապես քարի չափերը: Սա տվյալ հիվանդության դեպքում առաջին վիզուալիզացնող հետազոտությունն է:

Ներերակային ուրոգրաֆիա

Հետազոտության ռենտգենյան մեթոդ, որը միանգամից պատասխանում է մի շարք հարցերի՝ միզածորանի քարի չափը, դրա տեղակայումը, երիկամի ֆունկցիայի խանգարման աստիճանը և այլ քարերի առկայությունը:

Համակարգչային տոմոգրաֆիա

Մենք հաճախ անց ենք կացնում ոչ թե ուրոգրաֆիա, այլ երիկամների ՀՏ, որը հնարավորություն է ընձեռում ստանալ առավելագույն տեղեկատվություն, այդ թվում՝ քարի խտության վերաբերյալ: Դրանից է կախված բուժման մեթոդի արդյունավետությունը:

Միզածորանի քարը լավ ուրոլոգի անքնության առաջին պատճառն է

Միզածորանի քարի հեռացման վիրահատություններ

Հիպոկրատի երդման բնօրինակում ասվում է. «Ես ոչ մի դեպքում կտրվածքներ չեմ իրականացնի քարային հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ»: Տարօրինակ է, սակայն ժամանակակից ուրոլոգիայում ևս այս խոսքերը կրկին ակտուալ են դարձել. տեխնիկապես լավ հագեցած կլինիկայում կտրվածքների, այսինքն՝ բաց վիրահատությունների թիվը միզաքարային հիվանդության դեպքում պետք է հասցված լինի նվազագույնի: Գոյություն ունեն միզածորանի քարերի կոտրման և դրանց դուրս բերման՝ առանց բաց վիրահատության, այսինքն՝ առանց նշտարի իրականացվող մի շարք մեթոդներ:

Միզածորանների քարերի վիրահատությունների մեթոդները

Դիստանցիոն քարափշրում

Ըստ էության, այս մեթոդը թույլ է տալիս միզածորանի քարը փշրել առանց որևէ վիրահատության, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց դեպքում: Անցնելով քարի միջով՝ ուլտրաձայնային ալիքն այն վերածում է մանր մասնիկների, որոնք այնուհետև դուրս են գալիս օրգանիզմից ինքնուրույն կերպով: Ցավոք, ոչ բոլոր քարերն են ենթակա նման մեթոդով փշրման. որքան մեծ է քարի խտությունը, այնքան այն վատ է փշրվում ուլտրաձայնով:

Կոնտակտային փշրում լազերով

Մեթոդի էությունը հետևյալն է. քարին է մոտեցվում լազերային մանրաթել, որը միզածորանի քարը հասցնում է փոշիացման աստիճանի: Մեթոդի յուրահատկությունն է այն հանգամանքը, որ այդ լազերային մանրաթելն ինչ-որ կերպ անհրաժեշտ է կարողանալ մոտեցնել քարին: Այդ նպատակով մեր կողմից կիրառվում են ինչպես կարծր, այնպես էլ փափուկ էնդոսկոպներ, որոնք թույլ են տալիս հասնել քարին առանց կտրվածքի՝ բնական՝ միզուղիներով:

Քարի լապարոսկոպիկ հեռացում

Հազվագյուտ դեպքերում, օրինակ, միզածորանի նեղացման կամ այդ օրգանում քարի երկար գտնվելու դեպքում, քարն անհնար է կոտրել կամ հեռացնել էնդոսկոպիկ եղանակով: Նախկինում նմանատիպ դեպքերում դիմում էին բաց վիրահատության, սակայն ներկայումս նույնիսկ այդ տիպի քարերը հնարավոր է դարձել հեռացնել լապարոսկոպիկ եղանակով՝ ահռելի, տգեղ կտրվածքի փոխարեն իրականացնելով ընդամենը 3-4 անցք:

Քարերի կոնտակտային փշրում լազերով

Մեր կլինիկայի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը թույլ է տալիս առանց որևէ կտրվածքի իրականացնել քարերի փշրում լազերով՝ գործնականում բոլոր դեպքերում: Փափուկ էնդոսկոպը միզուկի միջով մտցվում է միզածորան. էկրանին տեսնում ենք քարը, դրան ենք մոտեցնում լազերային լուսային անդրադարձիչը և փշրում քարը՝ մինչև փոշիացման աստիճան: Այդ միջամտությունից հետո հիվանդը ցավեր չի ունենում և գրեթե միշտ կարող է դուրս գրվել միջամտության հաջորդ օրը: Ստորև ներկայացված տեսանյութում կարող եք դիտել՝ ինչպես ենք իրականացնում վերոհիշյալ միջամտությունը:

Աշխատանքային սովորական մի պատմություն

- Դե ի՞նչ, պատրա՞ստ եք: Անդրեյ Պավլովիչ, կարելի՞ է: Դե, գնացի՛նք, Աստված մեզ հետ, - սա բոլոր տիպի վիրահատությունների ավանդական մեկնարկն է: Նախ տեղեկանում ենք՝ բրիգադը պատրաստ է, թե ոչ, ապա թույլտվություն ենք խնդրում անեսթեզիոլոգից և, իհարկե, Աստծք օգնությունը երբևէ զուր չի լինում:
- Ուրեմն այսպես: Տվե՛ք ինձ ուրետերոսկոպը, խնդրում եմ, - օպերացիոն քույրն ինձ է մեկնում երկար և բարակ էնդոսկոպը, որի օգնությամբ միզուկի միջով ներթափանցում եմ միզապարկ: Ուսումնասիրում եմ:
- Այստեղ ամեն բան կարգին է: Գնացինք առաջ, - Ներթափանցում եմ միզածորան, բարձրանում մինչև քարը, - Ահա՛ այն, այս ժայռակտորը: Ա՜յ քեզ բան, ինչպիսի՜ այտուց: Տվեք լազերը:
Քարին եմ մոտեցնում լազերային մանրաթելը և սկսում եմ վերածել այն, մեր լեզվով ասած, փոշու:
- Հավաքե՛ք այս ամենը, խնդրում եմ, պետք է հանձնել քիմիական անալիզի, - ասում եմ ես՝ չնայած այն հանգամանքին, որ իմ բրիգադն արդեն վաղուց նմանատիպ գործողությունները կատարում է ինքնաբերաբար: - Եվ տվե՛ք ինձ ստենտը:
Քարը քայքայված է, սակայն լորձաթաղանթը խիստ այտուցված է, քանի որ քարը համեմատաբար երկար էր մնացել ներսում: Այդ այտուցը կարող է փակել անցքը, և այդ դեպքում հիվանդը կրկին ցավեր կունենա: Այդ պատճառով էլ՝ ստենտ:
- Վե՛րջ, վիրահատությունն ավարտվեց: Բոլորին շնորհակալություն: – Սա ևս ավանդական նախադասություն է. չէ՞ որ աշխատել եմ ոչ թե միայն ես, այլ իմ ողջ բրիգադը:
Հաջորդ օրը:
- Դե՞, ինչպե՞ս եք զգում: – Ժպտում եմ հիվանդին՝ արդեն իսկ գուշակելով պատասխանը՝ երիկամների ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ երիկամը լայնացած չէ, - Պատրա՞ստ եք թռչել Սուրգուտ:
- Կազմ-պատրա՛ստ, զեկուցում է հիվանդս, միզելիս մի փոքր այրոց եմ զգում, բայց դա ինձ չի խանգարի:
- Դե ինչ, ուրեմն հաջողություն Ձեզ: Մեկ շաբաթից կգաք, ստենտը կհանենք: Եվ քարի անալիզի արդյունքներն էլ պարզ կլինեն:
- Ի՞նչ անալիզ, - զգուշավորությամբ հարցնում է հիվանդը, - ինչ-որ վատ բանի՞ սպասեմ:
- Ոչ, - ժպտում եմ ես, - բայց նախ չհասկանա՞նք, թե ինչ պատճառով է Ձեզ մոտ հայտնվել քարը: Ձեզ որոշակի դիետա կնշանակենք, որպեսզի այլևս նման բան չկրկնվի:
- Այո, իհարկե: Հաստատ պետք չէ, որ կրկնվի, - նկատում եմ՝ ինչպես է տառապանքի ստվերն անցնում իմ՝ արդեն նախկին հիվանդի դեմքով, - Դու նույնիսկ չեք կարող պատկերացնել՝ ինչպիսի ցավեր են դրանք...

Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. միզածորանում քարերի առկայության պատճառների և դրանց հետ կապված բարդությունների ժամանակակից հետազոտություն

Թիմ. էնդոուրոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ:

Սարքավորումներ. «Karl Storz» և «Olympus» մակնիշների սարքավորումներով հագեցած էնդոուրոլոգիական վիրահատարան:

Մասնագետների կոնսիլիում. Ձեր իսկ անվտանգության նկատառումներիով՝ ուրոլոգ, սրտաբան և անեսթեզիոլոգ:

Անվտանգություն. մասնագիտացված ՈՒԵԱ և ՈՒԱԱ ասոցիացիաների կողմից խորհուրդ տրվող մեթոդների կիրառում:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն և պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում:

Արդյունք. միզածորանի քարերի և դրանց առաջացման պատճառների վերացում:

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Սերտիֆիկատներ
image/svg+xml
image/svg+xml
Մեր երաշխիքները

- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:

- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:

- Karl Storz ժամանակակից էնդոսկոպի կիրառումը բոլոր հիվանդներիս համար երաշխավորում է լազերային հաջող միջամտություն:

- Էնդոուրոլոգիայի գծով Ավստրիայում և Իտալիայում անցած վերապատրաստումները, ինչպես նաև՝ միզաքարային հիվանդության բուժման մեծ փորձս երաշխավորում են բարդությունների բացակայությունը:

- Մենք չենք ուղղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:

Յուրաքանչյուր հիվանդի տրամադրվում է էպիկրիզ՝ մանրամասն խորհուրդներով, ինպես նաև պաշտոնական հիվանդության թերթիկ
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է միզածորանի քարերի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում: Եվս 3-4 օր անց Դուք կարող եք վերադառնալ տուն:

image/svg+xml
image/svg+xml
Կարծիքներ
Օլգա

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Բարև Ձեզ: Արդեն մոտ 7 տարի է, ինչ մեր ընտանիքը գտնվում է Հովհաննես Էդուարդովիչի հսկողության տակ: Հայրիկիս մոտ՝ միզապարկի դիվերտիկուլիտ, ՏՈՒՌ և բարձր ճնշման ֆոնի վրա երիկամի ուռուցքի, սրտի իշեմիկ հիվանդության և ուղեղի հեմոռագիկ կաթվածից հետո առաջացած բարդությունների հետ կապված կոնսուլտացիաներ: Որդուս մոտ վարիկոցելեի կապակցությամբ Մարմարի մեթոդով վիրահատական բուժում: Հովհաննես Էդուարդովիչը հիանալի բժիշկ է: Նա պատրաստ է անվերջ բացատրել հիվանդության և դրա բուժման յուրահատկությունները թե՛ հիվանդներին, թե՛ նրանց հարազատներին: Անհավանականության աստիճանի անձնական ներգրավվածություն, հիվանդների հանդեպ ուշադրություն, նվիրվածություն գործին, մշտապես օգնելու պատրաստակամություն: Բժիշկը մշտապես կապի մեջ է: Մենք միշտ գիտեինք, որ միշտ կարող էինք դիմել նրան՝ գիշեր, թե ցերեկ ու ընդհանրապես՝ միշտ (!) Հովհաննես Էդուարդովիչը օգնության էր գալիս բաոի բուն իմաստով. մի քանի անգամ նույնիսկ մեր տուն է եկել: Նա այնպիսի մարդ է ու բժիշկ, որին կարելի է ամբողջությամբ վստահել:

Քար միզածորանում
կարդալ ավելին
Ալեքսանդր Մ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Երրորդ բժիշկն էր, ում դիմում էի: Այո, հենց երրորդը, քանի որ մյուս երկուսն ընդամենը ժամանակ էին ձգում, ուղարկում էին կաբինետից կաբինետ, գումարներ կորզում, իսկ ցավը չէր դադարում: Հովհաննես Էդուարդովիչն ինձ անմիջապես դուր եկավ իր հաստատակամությամբ և, նաև, այն հանգամանքով, որ կոնսուլտացիաներն ու վիրահատությունները նա իրականացնում է անձամբ: Ի վերջո, վիրահատությունը նշանակվեց հաջորդ օրը, և ամեն բան հաջող անցավ: Վիրահատությունից հետո բժիշկները մշտապես այցելում էին ինձ, քաջալերում և մանրամասն պարզաբանում բոլոր ինձ հետաքրքրող հարցերը:

Քար միզածորանում
կարդալ ավելին
Վարդան և Ալինա

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Երբեմն պատահում է, որ այս կյանքում փակվում են բոլոր դռները, և մարդն ապրում է իր դժբախտությամբ, ցավով ու դեպրեսիայով՝ առանց ապաքինման հրաշքի հավատի: Հենց այդպես էլ պատահեց ամուսնուս՝ Վարդանի հետ: 5 տարի կապտաթարախային վարակով “համեմված” միզաքարային հիվանդության դեմ մղվող ամենօրյա պայքարը մեր ընտանիքն ի սպառ քայքայեց, մինչ այն պահը, երբ հայտնվեցինք բժիշկ Դիլանյանի աշխատասենյակում: Ես շատ եմ աշխատում տարբեր մարդկանց հետ, և շատ նրբություններ կարող եմ զգալ շփման առաջին իսկ րոպեների ընթացքում: Չնայած տպավորությունն այնպիսին է, թե բժիշկը հենց հիվանդի ներկայությամբ է ընդունում հստակ և արագ որոշումներ, սակայն իրականում այդ ամենի ետևում կա բազմաթիվ տարիների աշխատանքային փորձ, ուսում և անծայրածիր գիտելիքներ, ինչպես նաև համախոհներ: Ութժամյա ծանր վիրահատություն: Գերմանյայից կապի մեջ են երկու պրոֆեսոր, որոնք խորհուրդ են տալիս հեռացնել ախտահարված երիկամը: Սակայն Դիլանյանը որոշեց պահպանել երիկամը՝ հաշմանդամ չդարձնելով և ապաքինման հնարավորություն տալով երիտասարդ տղամարդուն: Հետվիրահատական շրջանը բավականին բարդ էր. վիրաբույժների մի ողջ թիմ շուրջօրյա կապի մեջ էր մեզ հետ, որպեսզի վերացվեր ցանկացած շեղում: Այնուհետև՝ ռեաբիլիտացիա և երկար սպասված ապաքինում: Մենք օգտագործեցինք մեր շանսը 100%-ով: Բժիշկ Դիլանյանը և նրա թիմը՝ Միխաիլ Ռոդոմանը, Ալեքսանդր Լևիտանը, Մաքսիմ Ռյաբովն ամուսնուս ետ բերեցին «այն աշխարհից»: Անչափ շնորհակալ ենք: Խոնարհվում ենք Ձեր առջև: Անսահման հարգանքով՝ Վարդան և Ալինա Մինասյաններ:

Քար միզածորանում
կարդալ ավելին
Քար միզածորանում
կարդալ ավելին