...— Վիկտոր Պավլովի՛չ, ինչպես այն անհաջող անեկդոտում, ես ունեմ երկու նորություն՝ լավ և վատ: Լավ նորությունը հետևյալն է՝ շագանակագեղձի քաղցկեղը Ձեզ մոտ գտնվում է վաղ փուլում, մետաստազներ չկան: Վատ նորությունը հետևյալն է՝ անհրաժեշտ է դիմել վիրահատական միջամտության:
— Դե... ես մոտավորապես այդպես էլ ենթադրում էի... Իրականում, չէ՞ որ դա լավ է, Հովհաննե՛ս Էդուարդովիչ. նշանակում է՝ հնարավոր է ինձ ազատել այդ նողկալի հիվանդությունից:
— Դե, ընդհանուր առմամբ, այո, իհարկե:
— Ինչպես, թերևս, ցանկացած հիվանդի, ինձ ևս հետաքրքրում են ռիսկերը և բարդությունները: Ի՞նչ է ինձ սպասում:
— Վիկտոր Պավլովի՛չ, շագանակագեղձի հեռացման ընթացքում վիրաբույժը հաճախ ստիպված է լինում վնասել միզապահությա Uն և էրեկտիլ ֆունկցիաներն ապահովող նյարդերը: Այդ իսկ պատճառով՝ շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության՝ առավել հաճախ հանդիպող բարդություններն են հենց անմիզապահությունը և պոտենցիայի խանգարումը: Սակայն Ձեր դեպքում հնարավոր է իրականացնել նյարդերը չվնասող վիրահատություն. ես կպահպանեմ Ձեր նյարդանոթային խրձերը: Այսինքն, տվյալ բարդությունների ռիսկը Ձեր դեպքում հասցված է նվազագույնի:
— Իսկ... Իսկ եթե այնուամենայնիվ... Եթե այդ ամենը տեղի ունենա՞:
— Դա ևս խնդիր չէ: Ներկայումս գոյություն ունեն թե՛ անմիզապահության, թե՛ էրեկտիլ դիսֆունկցիայի կարգավորման ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրահատական մեթոդներ:
— Շատ լավ... Իսկ որքա՞ն է տևում վիրահատությունը:
— Մոտ չորս, երբեմն նաև՝ հինգ ժամ:
— Հովհաննե՛ս Էդուարդովիչ, Դուք, կարծես, ինչ-որ բան էիք ասում ավշային հանգույցների հեռացման վերաբերյալ: Բայց չէ՞ որ ինձ մոտ ամեն ինչ մաքուր էր՝ ըստ ՄՌՏ հետազոտության արդյունքների: Դուք հեռացնելու՞ եք իմ ավշային հանգույցները:
— Ցավոք, այո, Վիկտո՛ր Պավլովիչ: Ճիշտ է, ըստ ՄՌՏ հետազոտության արդյունքների, Ձեզ մոտ խոշորացած ավշային հանգույցներ չեն հայտնաբերվել: Սակայն, այնուամենայնիվ, մետաստազների առկայությունը հնարավոր է՝ Դուք ունեք ՊՍՀ (PSA)-յի՝ 10նգ/մլ-ից բարձր արդյունք: Ավշային հանգույցների հեռացումը, առաջին հերթին, կապահովի առավել դրական կանխատեսում, իսկ երկրորդ հերթին՝ հիստոլոգիական հետազոտությունը թույլ կտա ճիշտ ընտրություն կատարել բուժման տակտիկայի հարցում:
Վիրահատությունից յոթ օր անց ես դուրս գրեցի Վիկտոր Պավլովիչին: Հիստոլոգիական արդյունքները լավն էին: Արդյունքում ես նրան ընդամենը խորհուրդ տվեցի յուրաքանչյուր եռամսյակ ստուգել ՊՍՀ (PSA)-ն: Աննշան անմիզապահությունը նրա մոտ վերացավ ինքնուրույն՝ հինգ շաբաթ անց: