+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Ֆիմոզ

Prologue.
Անատոմիայի քննությանը.
- Պատմե՛ք սիրո օրգանի կառուցվածքի մասին:
- Առնանդամը կենտ օրգան է, որը կազմված է…
- Իսկ մեր ժամանակներում սիրո օրգան էր համարվում սիրտը, - տխուր պատասխանեց պրոֆեսորը...

Իմ բժշկական կարիերայի սկզբում էր, երբ ես վիրահատարանում վախվխելով ընդամենը կեռիկներ էի բռնում, ուսանողական հիմար հարցեր տալիս ու երազում պրոկտոգինեկոլոգիայի թեքումով կարդիոնեյրովիրաբույժ դառնալու մասին… Եվ ես անգամ չէի էլ մտածում վիրաբուժության ամենահիասքանչ բաժնի մասին… Մի խոսքով, մեզ մոտ ուրոլոգիայի դասընթացներ էին: Ինձ բախտ էր վիճակվել դառնալ անձամբ Հուսեյնի աշակերտը: Աստված թո՛ղ նրան առողջություն և երկար տարիների կյանք տա: Առաջին իսկ պարապմունքին այդ մարդը տարօրինակ նայեց ինձ և ասաց.
- Դու՛, այո՛, դու՛: Սևու՛կ: Երևի հեշտոցի մասնագետ ես ուզում դառնալ, չէ՞:
- Իիիի՞նչ, - զարմացա ես:
- Դե, այսինքն, գինեկոլո՞գ: Այդպես չէ՞, - նրա դեմքը սարսափելի զզվանք էր արտահայտում այդ անպատվաբեր մասնագիտության ներկայացուցիչների հանդեպ:
- Չէ՛, ի՞նչ եք ասում, - զարմացա ես, - ինպե՞ս կարելի է:
- Չգիտեմ: Հիշի՛ր մի բան՝ գինեկոլոգների համար գոյություն ունի ընդամենը 4 վիրահատություն՝ արգանդի հեռացում, ձվարանների հեռացում, ձախ միզածորանի վիրակապում, աջ միզածորանի վիրակապում:
- Ներեցե՛ք… Իսկ ո՞ր հիվանդության դեպքում են վիրակապում միզածորանները, - զարմացա ես. ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում հասկանալ այդ վիրահատության իմաստը:
- Հաաաա… - թեթևացած հոգոց հանեցի ես, - դա տեղի է ունենում երևի այն ժամանակ, երբ կարելիս պատահաբար միզածորանը ևս կարվու՞մ է: Բայց չէ՞ որ բարդ վիրահատություններից առաջ անհրաժեշտ է լուսային-դիոդային միզածորանային կատետեր տեղադրել:
- Ապրե՛ս: Դու ուրոլո՛գ ես դառնալու, - կանխատեսեց Հուսեյնը և անցավ հարցի բուն էությանը, - գիտե՞ս՝ ինչ է նշանակում ֆիմոզը և պարաֆիմոզը: Սովորե՞լ ես:
- Դե… Ֆիմոզն այն է, երբ առնանդամի ծայրի մաշկը նեղանում է, և գլխիկը չի բացվում…
- Կարո՞ղ ես ցույց տալ, - ընդհատեց ինձ Հուսեյնը:
- Դե…, - ամաչելով ասացի ես, - կարողանալը՝ կարող եմ, բայց ախր այստեղ աղջիկներ կան…
- Նայե՛ք ինձ: Պատկերացրեք՝ ես առնանդամ եմ: Չէ՛, դուք միայն պատկերացրե՛ք: Ստուգարքը բոլորին կնշանակեմ, - հանկարծ նա կիսով չափ արձակեց բժշկական խալաթը, հագցրեց այն գլխին և կոճկեց: Երևում էին միայն ճակատը և աչքերը, - Սա ֆիմո՛զն է:
Հավանություն տալով՝ խումբը սկսեց աղմկել:
- Իսկ ահա սա, - Հուսեյնն արձակեց բժշկական խալաթը, վզի հատվածում ձգեց օձիքը և բավականին կարմրեց խեղդվելուց, - սա պարաֆիմոզն է, - խզված ձայնով ասաց նա:
Հնչեց ծիծաղ:
Հուսեյնի կանխատեսումներն իրականացան. ուրոլոգիան ինձ համար դարձավ գիտությունների թագուհին, և ֆիմոզները, պարաֆիմոզները և այլ նողկալի հիվանդություններ, ինչպիսիք են, օրինակ, սինեխիաները, սկսեցին հալածել ինձ…


Act 1. Անատոմիա և ֆիզիոլոգիա: Ինչի՞ն է ծառայում առնանդամի թլիփը

Առնանդամ: Սա, անխոս, շատ անհրաժեշտ ու կարևոր օրգան է: Այն թույլ է տալիս իրականացնել զուգավորում, ինպես նաև միզել կանգնած վիճակում, ինչով հպարտանում են տղամարդիկ՝ ոչ անհիմն: Դրա չափերը փոփոխվող են, սակայն խոսքն այժմ այդ մասին չէ: Այդ մասին՝ ավելի ուշ:
Խոսելու ենք այժմ այն մասին, որ առնանդամն ունի գլխիկ, պսակ և… Թլիփ: Դե, գիտե՞ք, դա թերևս ազատ կախված մաշկի մի կտոր է, որը ծածկում է գլխիկը: Հարցնե՛նք ինքներս մեզ՝ իսկ ինչների՞ս է ընդհանրապես պետք մաշկի այդ կտորը: Ինչու՞մ է կայանում դրա ֆունկցիան՝ այլ կերպ ասած՝ անհրաժեշտությունը:
Ըստ էության, դա մարդուն պետք չէ: Համարվում է, որ այդ «կնճիթի» ներքին թաղանթի մեջ գտնվող այդ գեղձերն արտադրում են սեռական հարաբերությանն անհրաժեշտ քսուքը: Ի միջիայլոց, հիշե՛ք: Միզուկից ԵՐԲԵՔ չի արտազատվում քսուք: Սովորաբար միզուկից կարող է արտազատվել մեզ, սերմնահեղուկ… Դե, նաև շագանակագեղձի արտադրությունը, եթե ուրոլոգը ճնշում է գործադրել շագանակագեղձի վրա՝ ետևի մասից: Բոլոր մյուս դեպքերում, երբ միզուկից որևէ բան է արտազատվում, գործ ունենք չարիքի հետ: Կլինեն այդ արտազատումները կանաչ, կարմիր, դեղին, սպիտակ, թե թափանցիկ՝ էական չէ՛: Անհապա՛ղ դիմեք ուրոլոգի: Վազքո՛վ:
Եվ այսպես, ինչ վերաբերում է թլիփին: Այս կառուցվածքի գեղձերն արտադրում են այնպիսի արտազատուկ, որն ունի ոչ այնքան ականջահաճո անվանում՝ «սմեգմա», որի սուր հոտը, կենդանական աշխարհում, գրավում է էգերին: Անհաջող և ոչ պրոֆեսիոնալ գրականություն կարդացած մարդկային արարածներից որոշ «խելացիներ» համարում են, որ այդ հոտը գրգռում է նաև մարդկային էգ… է-է-է, կանանց: Այդ ամենի արդյունքը ողբալի է: Առաջին հերթին, անդրավարտիքից եկող տհաճ հոտը զգալով՝ կանայք պարզապես փախուստի են դիմում: Երկրորդ հերթին, երբեմն նմանատիպ տղամարդիկ հայտնվում են ուրոլոգի մոտ՝ «առնանդամի գլխիկի քաղցկեղ» ախտորոշմամբ: Եվ այդ ամենն այն պատճառով, որ սմեգման ինքն իրենից ներկայացնում է բավականին հզոր կանցերոգեն նյութ, որը նպաստում է քաղցկեղի զարգացմանը: Գոյություն ունի մի հետաքրքիր վիճակագրություն. իսլամական երկրներում բավականին ավելի հազվադեպ է պատահում առնանդամի գլխիկի և արգանդի վզիկի քաղցկեղ: Հետևություն. տղամարդի՛կ, լվացվե՛ք օրական երկու անգամ: Հա, հա՝ լվացե՛ք այն: Օճառով: Եվ ցանկալի է՝ ո՛չ լվացարանի մեջ՝ դա կանանց սարսափելի դուր չի գալիս:


Act 2. Ֆիմոզ
Երբեմն պատահում է, որ թլիփը նեղանում է: Եվ առնանդամի գլխիկը դադարում է բացվել: Ինչո՞վ է դա պայմանավորված: Դրա համար գոյություն ունեն մի շարք պատճառներ:
Հասուն տարիքում դրա առաջին, ամենալուրջ պատճառն է դիաբետը: Որպես կանոն՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետը: Մարդը չի հետևում արյան մեջ շաքարի պարունակությանը, աննկատ կերպով հիվանդանում է շաքարային դիաբետով և ահա՛: Մի փոքրիկ բորբոքում, ասենք, սեռական հարաբերության ընթացքում ստացած միկրոտրավմաների արդյունքում, և ահա՝ սկսվում է սպիացած հյուսվածքի ձևավորում... Ֆիմոզ: Առնանդամի գլխիկը սկսում է դժվարությամբ բացվել: Ապա այն սկսում է առհասարակ չբացվել, սկսվում են պատռվածքներ, ցավ... Պրեպուցիալ պարկում (գլխիկի և թլիփի միջև ընկած տարածությունը) սկսում է կուտակվել սմեգման, մանրէները, լորձը, մեզը... Այս ամենը կարող է ողբերգական ավարտ ունենալ: Գնացե՛ք ուրոլոգի մոտ, պարոնա՛յք: Գնացե՛ք ուրոլոգի մոտ ու չզարմանա՛ք, եթե Ձեզ հարցնեն. “Հարգելի՛ս, իսկ Ձեր բարեկամներից որևէ մեկը պատահաբար հիվանդ չի եղե՞լ շաքարային դիաբետով: Հաաա, եղե՜լ է, ուրեմն... Քաղցած վիճակում հանձնի՛ր շաքարի անալիզ: Դրանից հետո կգաս, մաշկի այս կտորը կպոկենք, դեն կշպրտենք”:
Մեկ այլ պատճառ է հանդիսանում ամենասովորական մաքրապահության բացակայությունը: Արդյունքում՝ բալանոպոստիտ (գլխիկի ու թլիփի բորբոքում), սպիացում, ֆիմոզ: Երբեմն նաև՝ պարաֆիմոզ:
Երեխաների մոտ ֆիմոզ առաջանում է բավականին հաճախ: Այդ իսկ պատճառով՝ խորհուրդ ենք տալիս մայրերին հետևյալը: Հարգելի մայրե՛ր, հետևե՛ք Ձեր փոքրիկի օրգանին: Նայե՛ք՝ բացվու՞մ է այն արդյոք: Կարմրա՞ծ է արդյոք: Ցավու՞մ է արդյոք: Եվ եթե նկատեք, որ երեխան միզելիս լալիս է... Խնդրու՛մ եմ, հարկավոր չէ՛ դիմել մարգանցովկայի օգնությանը: Դուք միմիայն կվատթարացնեք իրավիճակը: Գնացե՛ք պոլիկլինիկա, և թո՛ղ Ձեր երեխային զննի բժիշկը:
 

Act 3. Ցիրկումցիզիո
Սա վիրահատության տեսակ է: Թլպատում: Վիրաբույժը պարզապես շրջանաձև շարժումներով հեռացնում է թլիփը, այնուհետև կարում այն: Ե՞րբ և ինչպե՞ս է անհրաժեշտ անել դա:
Այդ վիրահատության համար առաջին ցուցումն է հենց ֆիմոզը: Վիրահատությունը հնարավորություն է ընձեռում խուսափել բազմաթիվ տհաճ պահերից, մասնավորապես՝ հոտ, սերտաճումներ, բորբոքումներ, առնանդամի գլխիկի քաղցկեղ:
Պատահում են այնպիսի իրավիճակներ, որ մարդը ոչ մի կերպ չի ցանկանում թլպատվել: Պարզապես նրան դուր չի գալիս դա: Նման դեպքերում իրականացվում է թլիփի պլաստիկ վիրահատություն, ինչը հնարավորություն է տալիս տղամարդուն շարունակել “հպարտանալ” իր երկար թլիփով:
Երկրորդ ցուցումը, որքան էլ դա տարօրինակ հնչի, արագացված սերմնաժայթքումն է: Ասում են, որ եթե արագացված սերմնաժայթքման պատճառ է հանդիսանում առնանդամի գլխիկի ծայրահեղ բարձր զգայունությունը, ապա թլպատումից հետո գլխիկի մաշկը կոշտանում է, և այդպիսով՝ որոշակի չափով թուլանում է զգայունությունը:
Գոյություն ունի անգամ նման հասկացություն՝ «Սեռական հարաբերություն արաբական ձևով»: Հա, հա, արաբները գրեթե երբեք չեն տառապում արագ սերմնաժայթքմամբ…
Երրորդը կրոնական ցուցումն է: Դե, այս դեպքում, ինձ թվում է՝ ամեն բան պարզ է: Հնում արաբական և հրեական երկրներում շոգ էր, և ջուր չկար: Այդ իսկ պատճառով՝ այս դեպքում թլպատումը բավականին հումանիստական և հիգիենայի կանոններին համապատասխանող գործողություն է:

Act 4. Կարճ սանձիկ
Ստանդարտ իրավիճակ: Բավականին երիտասարդ մի մայր գալիս է ուրոլոգի մոտ ընդունելության. նա թևից բռնած քարշ է տալիս 15-16 տարեկան իր տղային: Որդին կանգնած է. համառորեն լռում է: Մայրը սկսում է շնչակտուր պատմել:
- Բժ՛շկ, բարև Ձեզ: Վա՜յ, գիտե՞ք, ես այնքան ուշադիր մայր եմ, միշտ հետևում եմ որդուս: Պատկերացնու՞մ եք, երեկ ուշ երեկոյան վերադառնում է տուն՝ մի տեսակ գունատ, չխոսկան: Սովորաբար նա այնքան լավն է՝ մտնում է տուն, մայրիկին համբուրում, դասերն է պատրաստում, իսկ ահա երեկ եկավ տուն՝ խոժոռված: Երեկ լվանում էի նրա սպիտակեղենը, հանկարծ նկատեցի, որ վարտիքն ամբողջությամբ արյան մեջ է: Հարցրեցի, ասաց, իբր, ֆուտբոլ խաղալիս գնդակով են հարվածել: Բժի՛շկ, զննե՛ք նրան, խնդրում եմ, ախր ես այնքան ուշադիր մայր եմ: Անհանգստացած եմ:
- Պարզ է: Ահա՛, խնդրեմ, վերցրե՛ք վալերյանի կաթիլները և դու՛րս եկեք: Ես պետք է շփվեմ Ձեր որդու հետ:
- Վա՜յ, ինչպե՞ս թե դուրս գամ: Որդի՛ս, քաղցրի՛կս, հարազա՛տս, չէ՞ որ ես ամբողջ գիշերնե՜ր եմ լուսացրել…
- Այսպե՛ս, ուրեմն, հենց հիմա դադարե՛ք Ձեր ողբը: Դու՛րս եկեք՝ ծխելու:
Դուրս է գալիս: Երկխոսություն նրա որդու հետ:
- Դե, ցու՛յց տուր՝ տեսնեմ, հերո՛ս:
Ցույց է տալիս: Լռություն: Սանձիկի վրա մի փոքրիկ պոկված հատված է, նաև՝ չորացած արյան կտոր:
- Հը՜մ: Ախր պահպանակ է պետք օգտագործել:
- Ֆուտբոլ խաղալի՞ս, - շինծու զարմանում է տղան:
- Ֆուտբոլի մասին հեքիաթներդ մայրիկիդ կպատմես, լա՞վ: Հասկացի՛ր, ես հենց այդ պատճառով էլ նրան խնդրեցի դուրս գալ: Որպեսզի քեզ հետ գաղտնի խոսեմ: Ի՞նչ է, տղաների հետ անբարոյականների՞ն էիք «այցելության գնացել»:
- Չէ՛, չէ՛, ի՞նչ եք ասում: Մեր չորրորդ մուտքի Սվետկայի հետ եմ եղել:
- Ե՞վ: Ինչպե՞ս պատահեց:
- Դե, ամեն բան լավ էր, այնպես, ինչպես ֆիլմերում է ցուցադրվում… Դե ես զրկվեցի կուսությունից, - Պարզապես մի տեսակ ցավում է, - գանգատվեց տղան՝ քաշվելով ու կարմրելով:
- Դե լավ, բանի տեղ մի՛ դիր: Քո սանձիկը կարճ է, այդ պատճառով էլ կտրվել է: Հիմա մի փոքր պլաստիկ կշտկենք, և ամեն բան կընկնի տեղը, - նման դեպքերում անպայման պետք է ժպտալ, այլապես տղան կկոմպլեքսավորվեր ամբողջ կյանքի ընթացքում, - Գիտե՞ս, մյուս առումներով, դու առողջ ես, որևէ խնդիր չկա:
- Հաստա՞տ, - միանգամից կերպարանափոխվում է տղան:
- Այո: Այժմ գնա՛: Վաղը հայրիկիդ հետ կգաս, կսկսենք բուժել քեզ: Իսկ ինչ վերաբերում է պահպանակներին, ասեմ, որ ավելի լավ է օգտագործես դրանք:
- Իսկ ինչու՞ հայրիկի հետ գամ:
- Դե... Իմ կարծիքով՝ հայրիկդ ֆուտբոլից ավելի լավ է հասկանում:
Կարճ սանձիկը, որի դեպքում տարբեր տիպի անհաջող դեպքեր են պատահում, ինչպիսիք են, օրինակ, կտրվելը, սպիացումը կամ բորբոքումը, հեշտությամբ է բուժվում: Իրականացվում է վիրահատություն՝ տեղային անզգայացմամբ: Տևում է 5-10 րոպե:

Epilogue.
Պարոնա՛յք: Հո՛գ տարեք նրա մասին: Մարդ է, չէ՞, ի վերջո: