(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

ԲԼՈԳ

Շագանակագեղձ

Շագանակագեղձը տղամարդկանց համար կարևոր օրգան է:
Սրտի հետ կապ չունի, բայց գովազդում հանդիսանում է «երկրորդ սիրտ»


«Ադենոմայի ու պրոստատիտի դեմ այսինչ դեղը», նշված է դեղերից մեկի գովազդում: «Մեր ֆիզիոթերապևտիկ ապարատը՝ «Չելուբեյ» անվանմամբ, լավագույն ֆիզիոթերապևտիկ ապարատն է: Այն մեծ հաջողությամբ կիրառվում է պրոստատիտի դեմ՝ Արևմուտքում 50-ից բարձր տարիք ունեցող գրեթե բոլոր տղամարդկանց կողմից», - սոխակի պես երգեցիկ գովազդվում է երկրորդ ընկերության կողմից: «Ես 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ-ուրոլոգ եմ: Կարող եմ վստահորեն ասել, որ ժամանակակից տղամարդկանց մինչև 45 տոկոսը տառապում է պրոստատիտով»: «Ունեք սուր ծակոցնե՞ր, ցա՞վ, այրող զգացու՞մ: Պրոստատիտ: Իսկ հետո՞: Իմպոտե՞նցիա», - հարցնում է էկրանից մեզ նայող դերասանը, որի արտաքինից կարելի է ենթադրել, որ անձամբ նրա հիմնական խնդիրն է հնուց ի վեր նրան ուղեկցող ալկոհոլիզմը:
Լավ կլիներ, եթե բազմոցին պառկած տղամարդը հորանջելով փոխեր հեռուստաալիքն ու մոռանար դրա մասին: Ավելի լավ կլիներ, եթե նա հիշեր ընդհանուր բուժզննման մասին ու չհետաձգեր իր հերթական պրոֆիլակտիկ այցը բժշկի: Սակայն բավականին հաճախ պատահում է այնպես, որ տղամարդը վեր է կենում, գնում զուգարան և հանկարծ… Ու հենց այդտեղից էլ սկսվում են ամենահետաքրքիր պահերը: Պարզվում է, որ մեզի շիթը «մի տեսակ տարօրինակ է»: Ինչ-որ այրոցի զգացում կա: Եվ վերջին ժամանակներում կարծես թե կնոջ հետ հարաբերություններն էլ մի տեսակ այն չեն…
Տղամարդը վազում է դեղատուն և գնում մի որոշակի քանակություն հենց այդ՝ գովազդվող դեղամիջոցից… Որը, ինչպես և դա պատահում է վերջին ժամանակներս, պատրաստված է ծայրահեղ հազվագյուտ մի բույսի մատղաշ տերևներից, որն աճում է առանձին փոքրիկ արևադարձային մի կղզյակի վրա, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կղզյակում բնակվող տեղացիներն օգտագործում են այդ խոտաբույսերը, երբեք չեն հիվանդանում ո՛չ պրոստատիտով, ո՛չ ադենոմայով, նաև՝ հայտնի են ամբողջ աշխարհում որպես, սեռական կյանքի հսկաներ և ընդհանրապես ապրում են հու՜ր-հավիտյան:
Փորձենք հասկանալ:
Ի՞նչ է շագանակագեղձը: Դե, օրինակ, որտե՞ղ է այն գտնվում: Ո՞վ է այն տեսել սեփական աչքերով: Չե՞ք տեսել:
Շագանակագեղձը որևէ կապ չունի սրտի հետ: Շագանակագեղձինov հնարավոր չէ ո՛չ սիրահարվել, ո՛չ արյան շրջանառությունն ապահովել, ո՛չ աուրիկուլին արտադրել: Հնարավոր է՝ գա այնպիսի ժամանակ, երբ մոլեկուլյար կենսաբանությունը լիակատար հաղթանակ կտանի, և գենետիկայի խելագար ինժեներնեը կսկսեն նոր սրտեր արտադրել հենց շագանակագեղձի բջիջներից: Սակայն դեռևս «տղամարդու երկրորդ սիրտ» անվանումը շարունակում է մնալ ընդամենն անվանում: Գովազդային անվանում: Հասկանու՞մ եք, մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակում: Իսկ շագանակագեղձը՝ փոքր կոնքում: Վերցնե՛նք տղամարդուն: Սառեցնե՛նք նրան այնքան, մինչև հասնի քարացած վիճակի: Հանե՛նք սառնարանից: Կլոր սղոցով մեջտեղից կտրենք նրան: Իրականացնենք ոչ թե լայնական, այլ՝ երկայնական կտրվածք:
Լավ, քանի որ արդեն կտրել եք, ապա դեն նետե՛ք վերևի կեսը. այն մեզ հետաքրքիր չէ: Վերցրե՛ք ստորին հատվածը և ուղիղ դրե՛ք: Կենտրոնից իրականացնում ենք երկայնական կտրվածք այնպես, որպեսզի ձախ ոտքը ստացվի Ձեր կողմից նայելիս՝ աջ, իսկ աջը՝ Ձեր կողմից ձախ: Ինչպե՞ս թե Ձեզ մոտ հակառակը ստացվեց: Ինչու՞ եք տղամարդուն մեջքով կանգնեցրել դեպի Ձեզ: Դուք, ի՞նչ է, այլասերվա՞ծ եք: Լավ, էական չէ, վերցրե՛ք ցանկացած կեսը և նայե՛ք այն ներսից: Դուք պետք է որ տեսնեք միզապարկը, իսկ դրա ետևի մասում՝ ուղիղ աղիքը: Ուրեմն այսպես՝ ուղիղ աղիքի դիմաց և միզապարկի ներքևում էլ հենց տեղակայված է շագանակագեղձը: Բա՞րդ է: Իսկ ի՞նչ եք կարծում, մեզ համար բարդ չէ՞ր անատոմիա սովորելը: Եվ այսպես, երկու կեսի բաժանված խողովակը, որը Դուք տեսնում եք շագանակագեղձի կտրվածքի վրա և որը շարունակվում է մինչև առնանդամը, միզուկն է: Շագանակագեղձն ասես շրջանակի մեջ վերցնի միզուկը, և հենց առնանդամի մեջ էլ այն բացվում է՝ իր ծորաններով:
Կարելի է համարել, որ անատոմիայի մասով ամեն ինչ պարզ է: Այժմ վերցրե՛ք տղամարդու մարմնի մասերը և ետ դրե՛ք սառնարան. դրանք, հնարավոր է, հետագայում պետք գան:
Ի՞նչ հիվանդությամբ կարող է տառապել մեր շագանակագեղձը
Ինչ հիվանդությամբ ասես: Նույնիսկ հղիությամբ: Չե՞ք հավատում: Ես ևս, անկեղծ ասած, այդքան էլ չեմ հավատում… Սակայն ասեկոսեներ, ասեկոսեներ… Պետերբուրգից մի պաթոլոգոանատոմ է ասել. միգուցե լսե՞լ եք Լոմաչինսկու մասին:
Չե՞ք ճանաչում: Փնտրե՛ք համացանցում, կարդացե՛ք, հետաքրքիր է գրում:
Սակայն կազուիստիկան թողնենք պաթալոգոանատոմներին: Նրա՛նք են կայացնում ամենաճշգրիտ ախտորոշումները՝ չնայած՝ արդեն ուշ է լինում... Երբեմն նրանց հաջողվում է այնպիսի՜ բաներ գտնել... Լենինի ուղեղի անոթներին, ասում են, նրբունելիով էին խփում, իսկ դրանք մետաղական ձայն էին հանում: Դե, չգիտեմ, ինքս չեմ տեսել: Բայց, ընդհանուր առմամբ, հնարավոր է: Անձամբ ինձ համար գոյություն ունի երկու բացատրություն. կամ Լենինը Վեներայից ուղարկված ռոբոտ էր, կամ նա տառապում էր գլխուղեղի անոթների կալցինոզով: Դրանով էլ իսկ կարելի է բացատրել նրա կողմից գրված այդքան նողկալի զառանցանքները: Կալցիումը մետաղ է: Քարագոյացնող մետաղ: Եվ եթե դրան խփենք մետաղական ինչ-որ իրով, ապա դրա ձայնը ևս, փաստորեն, կլինի մետաղական:
Շեղվեցինք: Վերադառնանք շագանակագեղձին:
Հենց այդ՝ մեր շատ սիրելի գեղձը սիրում է հիվանդանալ պրոստատիտով, ադենոմայով (գործընկերնե՛ր, չպատռե՛ք այս էջը՝ ամեն ինչ կբացատրեմ հաջորդիվ) և քաղցկեղով: Դիտարկե՛նք առավել մանրամասն:
Պրոստատիտ: Խոսքը վերաբերում է նույն այն պրոստատիտին, որը սիրում են գովազդել ԶԼՄ-ները: Եկե՛ք հիշենք, որ պրոստատիտը շագանակագեղձի բորբոքային հիվանդությունն է: Եվ ահա, հեռուստացույցով դիտում ենք բժշկական հագուստով մի տղամարդու, որը սկսում է մեզ պատմել, որ տղամարդկանց 40-50 տոկոսը… տառապում են… պրոստատիտով… Այսինքն, գործնականում ստացվում է, որ այդ հիվանդությամբ է տառապում յուրաքանչյուր երկրորդ տղամարդ: Լավ է, երբ բնակարանում Դուք միակ տղամարդն եք. այդ դեպքում Դուք առաջինն եք, հետևաբար Դուք չունեք պրոստատիտ: Իսկ եթե Դուք ունեք, ասենք, կնոջ եղբա՞յր: Այդ դեպքում Ձեզանից ու՞մ բաժին կընկնի պրոստատիտը: Ի՞նչ եք կարծում (Որպես գաղտնիք՝ ասեմ, որ երկրորդ դեպքում պրոստատիտով «ապահովված» է լինում հենց նույն ամուսինը: Քանի որ ֆիզիկապես սիրել քրոջը եղբոր՝ նույն տարածքում գտնվելու դեպքում կամ, նույնիսկ, վերջինիս աղմկոտ խռմփոցի պայմաններում… Թշնամուս անգամ նման բան չեմ ցանկանա):
Եվ ահա, սիրելինե՛րս: Պրոստատիտով հիվանդ տղամարդկանց 45 տոկոսը, ինչպես մեզ ներկայացնում է այդ, ներեցե՛ք արտահայտությանս համար, 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկը…
Հիշու՞մ եք՝ ինչ էր գրում Բուլգակովը:
- Արդյո՞ք ես հիացմունք եմ արտահայտել:
- Ո՛չ, պարո՛ն:
- Իսկ ի՞նչ է ասում այս մարդը:
- Բայց նա պարզապես ստու՛մ է: Շնորհավորում եմ Ձեզ, պարոն, ինձ խաբելու համար:
Հնարավոր է՝ մի ինչ-որ ուրախ գյուղում, օրինակ Վիլարիբոյում, գոյություն ունի պրոստատիտների այնպիսի քանակություն, բայց կրկին անգամ ասեմ՝ նույնիսկ ոչ թե բոլոր տղամարդկանց ընդհանուր քանակության կտրվածքով, այլ ուրոլոգիական հիվանդություններով տառապող բոլոր հիվանդների շրջանում:
Այնպես որ պետք չէ բզբզալ, շագանակագեղձն այնքան էլ թերի օրգան չէ, որպեսզի տղամարդկանց կեսը երիտասարդ տարիքում դրա հետ կապված խնդիրներ ունենա:
Իսկ ինչի՞ց կարող է առաջ գալ այդ պրոստատիտը: Ինչից ասես: Նստել ես սառը քարի՞ն՝ պրոստատիտ է: Հարաբերություն անծանոթ կնոջ հե՞տ, այն էլ՝ առանց պահպանակի՞՝ հոնորեա, քլամիդիա՝ պրոստատիտ է: Օրերով նստում ես մոնիթորի առա՞ջ՝ պրոստատիտ է: Չես պահպանում սեռական հարաբերությունների հաճախականության խիստ կանոննե՞րը: Չափազանց հաճա՞խ ես հարաբերություններ ունենում:

Մի խոսքով՝ պատճառներն անհամար են: Իսկ ի՞նչ տեսք ունի այդ պրոստատիտը: Բազմազան, շատ բազմազան...
Սուր պոստատիտը, հատկապես աբսցես առաջանալու դեպքում, նշանակում է՝ ցավ, բարձր ջերմություն, շտապ օգնություն և վիրահատություն: Առանց դրա՝ ամեն բան նույնն է, բայց եթե Աստված կամենա, հնարավոր կլինի խուսափել վիրահատությունից: Դա պատահում է շատ հազվագյուտ, համենայն դեպս շատ ավելի հազվագյուտ, այն է՝ քրոնիկ աբակտերիալ առանց ցավի պրոստատիտը:
Քրոնիկ պրոստատիտ: Դե, ի՞նչ կարող եմ ասել… Այրոցի ու ցավի զգացումն ուղեկցում են միզելու ընթացքում, երբեմն ցավում է արտաթորման ժամանակ՝ ցավում է, սարսափելի է ցավում, հատկապես փորկապության ժամանակ, իսկ միզուկից (այո՛, այո՛, հենց այդ փոքրիկ խողովակից) ինչ-որ զզվելի արտազատումներ են հայտնվում... Հիշե՛ք, պարոնա՛յք: Նույնիսկ կենդանիների մոտ, որոնք այդ առումով առավել զարգացած են, քան մենք, սեռական հարաբերությունների համար անհրաժեշտ քսուքն արտադրվում է առնանդամի գեղձերի կողմից: Դա ոչ մի կերպ չի արտադրվում միզուկի կողմից: Միզուկից կարող է արտազատվել միմիայն սերմնահեղուկ կամ մեզ: Դա նորմալ դեպքերում: Պաթոլագիայի դեպքում շագանակագեղձը սկսում է արտադրել թարախ, լորձ: Փու՜, զզվելի՞ է: Այդ դեպքում, հարգելի՛ տղամարդի՛կ, ինչու՞ եք այդ ամենը Ձեր մեջ պահում ու անմիջապես չեք դիմում բժշկի: Ի՞նչ, ի՞նչ: Իսկ ո՞վ է Ձեզ ասել, որ մեզ դուր է գալիս մեր մատը մտցնել Ձեր ուղիղ աղիքի մեջ: Իսկ, ասացե՛ք խնդրեմ, ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ ցավու՞մ է շագանակագեղձը, թե ոչ: Իսկ, միգուցե, առկա են նաև կոշտ հատվածնե՞ր: Կամ, ասենք, աղիքիլորձաթաղանթը կարծրացե՞լ է:
Մի խոսքով, մատնային ռեկտալ հետազոտությունն անհրաժեշտ բան է:
Հատուկ հոդված: Քրոնիկ աբակտերիալ առանց ցավի պրոստատիտ: Ի՞նչ է դա՝ միանգամայն անհասկանալի է: Շատ է այդ մասին գրվում, բայց գրվում է մի տեսակ շրջանցելով թեման: Մարդուն ոչինչ չի անհանգստացնում, սեռական կյանքում ամեն բան կարգին  է, միզելիս ցավ, այրոցի զգացում չի նկատվում: Եվ ահա՝ բժիշկն ասում է՝ պրոստատիտ...
Իսկ ինչու՞ նա նման բան ասաց: Պարզապես շագանակագեղձի արտազատուկի մեջ նա տեսավ լեյկոցիտների փոքր-ինչ ավելի մեծ քանակություն, քան անհրաժեշտ է: Եվ սկսվում է՝ մերսումներ, ֆիզիոպրոցեդուրաներ, «Յարիլո» սարքը, «Չելուբեյ» նորագույն մագնիտային-ուլտրաձայնային-ցածր հաճախականությամբ-լազերային-գերհրաշալի սարքը, որն արտադրված է հայրենական պաշտպանության ստանդարտների համաձայն... Այո՛, հայրենական պաշտպանությունն աշխարհում լավագույնն է, որևէ մեկը հակառակը չի ասում: Սակայն ի՞նչ կարիք կա այն կապել շագանակագեղձի թեմային... Դե, իրականում ես դա չգիտեմ:
Դրանով բուժման արդյունքները ևս կասկածելի են... Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ մանրէներ չկան (չէ՞ որ պրոստատիտն աբակտերիալ է)… Ինչպես նախկինում, այժմ ևս ցավ չկա…
Սխալներ ախտորոշման մեջ
Դյուրի՞ն է, արդյոք, կայացնել «պրոստատիտ» ախտորոշումը: Դե, ինչպե՞ս ասեմ՝ և այո, և ոչ: Միզասեռական ապարատ անվանումն ինքնին արդեն նշանակում է, որ ունի զարգացման ընդհանուր աղբյուրներ: Հետևաբար՝ նաև ընդհանուր իներվացիա: Նշենք, որ միզածորանի ստորին մեկ երրորդ մասում տեղակայված փոքրիկ քարիկը լիովին ընդունակ է հարուցել քրոնիկ պրոստատիտի ախտանիշեր՝ հաճախամիզություն, ցավ, այրոցի զգացում…
Ադենոմա: Նույն ինքը՝ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա
Նախկինում՝ հին ժամանակներում, այն համարվում էր ուռուցք: Տարիքով պայմանավորված բարորակ ուռուցք: Եվ վերջ: Հետագայում պարզվեց, որ ադենոման, ինքն իրենով, այսինքն՝ հենց բարորակ այդ ուռուցքը շագանակագեղձին բնորոշ չէ. իրականում դա ոչ այլ ինչ է, քան «ընդամենը» շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա: Տարբերությունը կայանում է նրանում, որ բարորակ հիպերպլազիայի ենթարկված շագանակագեղձի բջիջները, կառուցվածքային առումով, որևէ կերպ չեն տարբերվում առողջ բջիջներից: Պարզապես ավելանում է դրանց քանակությունը…
Որակավորման դասընթացներից մեկի ընթացքում պրոֆեսորը խնդրեց հիմնավորել շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա տերմինի ոչ ճիշտ լինելու փաստը: Պրոֆեսորը հոգնած էր. իրականում նա նկատի ուներ «ադենոմա» տերմինը… Սակայն հիմնավորում, այնուամենայնիվ, գտնվեց:
- Բարորակ հիպերպլազիան, - ոգևորված սկսեցի ես, - ընդամենը դատարկաբանություն է, քանի որ ենթադրում է չարորակ հիպերպլազիայի առկայություն, ինչը գոյություն չունի:
Դասախոսը՝ հոնքերը խոժոռած, սկսեց ականջ դնել ասածիս. ըստ էության, «հիպերպլազիա» տերմինն այդտեղ անտեղի էր, քանի որ «հիպերպլազիա» նշանակում է օրգանի բջիջների քանակության ավելացում և դրա ֆունկցիաների բարելավում, իսկ այստեղ մենք տեսնում ենք ֆունկցիաների ակնհայտ վատթարացում: Շագանակագեղձի ֆունկցիաների... Դե, ընդհանրապես, գործընթացը սկսվում է պարաուրետրալ գեղձերում... Այդ իսկ պատճառով, առավել ճիշտ կլինի դա «ադենոմա» անվանել, քանի որ եթե ադենոմա անվանելու դեպքում խոսքը մեկ սխալի մասին է, ընդ որում՝ տերմինն առաջացել է պատմականորեն, ապա շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա տերմինի դեպքում գործ ունենք, արդեն, երեք սխալի հետ...
Շեղվե՛նք տեքստից և ուսումնասիրե՛նք մեր պապիկին: Նկատե՞լ եք, որ նա վեր է կենում և զուգարան է գնում գիշերվա ընթացքում մի քանի անգամ: Հնարավոր է՝ մեր հայրը ևս արդեն սկսել է նմանատիպ վարքագիծ դրսևորել: Գիշերվա ընթացքում գոնե մեկ անգա՞մ: Հարգելի տիկնա՛յք և պարոնա՛յք, ադենոման իրենից ներկայացնում է շագանակագեղձի հյուսվածքի վրա ավելորդ մասերի առաջացում: Այն կարող է լինել շատ փոքրիկ, ոչ ավելին, քան կես սանտիմետր, սակայն գտնվելով միզուկին շատ մոտ (հիշու՞մ եք, երբ երկատել էինք մարմինը)՝ կսկսի առաջացնել միզելու խանգարումներ: Այն սկսում է արտահայտվել գաղտնի ձևով՝ թաքնված: Նախ մարդն առավել հաճախ է սկսում միզել, առաջանում է գիշերը միզելու ցանկություն... Այնուհետև ի հայտ է գալիս մնացորդային մեզ... Այն վարակվում է... Առաջանում են պրոստատիտի ախտանշաններ... Միզապարկը գերձգվում է... Առաջանում են դիվերտիկուլներ... Մի խոսքով, հաճելի երևույթները շատ քիչ են:
Եվ ահա այստեղ մեզ «օգնության է հասնում» «ինչ-որ» դեղամիջոց, որը ստեղծված է ադենոմայի և պրոստատիտի դեմ: Անոտացիայում գրված է, որ այն ստեղծված է բացառապես Ձեզ համար՝ ինչ-որ անհայտ խոտաբույսից, որն աճում է մինչ այժմ աշխարհագրության մեջ անգամ չհիշատակվող կղզու ափերին, որն իր ընդհանուր մակերեսով փոքր է անգամ Ձեր խոհանոցից...
Սակայն միամիտ չլինե՛նք: Բացենք «Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներ» աշխատությունը՝ «Ձեռնարկների շարք գործող բժիշկների համար»: Գիրք, որը հրատարակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո: Կարդա՛նք այն:
«Մինչ այժմ հայտնի չէ բազմակենտրոն, ռանդոմիզացված,  համեմատական, երկակի կույր հսկողությամբ որևէ հետազոտություն, որը կապացուցեր շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման նպատակով բուսական հիմքով ստեղծված դեղամիջոցների արդյունավետությունը: Այդ նպատակով՝ խորհուրդ է տրվում վերոհիշյալ հիվանդության բուժման նպատակով չնշանակել նմանատիպ դեղամիջոցներ» (թարգմանությունը ես եմ իրականացրել, փոքր-ինչ անհաջող է՝ կներե՛ք): Այսպիսով, դանդաղ սողացող աֆրիկյան հողային սալորի ծայրահեղ հազվագյուտ հանդիպող արմատներից ստեղծված գովազդվող բոլոր այս դեղամիջոցները ոչ այլ ինչ են, քան ֆիկցիա:
Ունե՞ք ադենոմա: Դիմե՛ք բժշկի: Դիմե՛ք ուրոլոգի: Ցանկալի է՝ Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի անդամի:
Շագանակագեղձի քաղցկեղ
Չէի ցանկանա շոշափել այս տխուր թեման, սակայն շագանակագեղձի քաղցկեղն իրենից ներկայացնում է հետզհետե ավելի ու ավելի հաճախ հանդիպող պաթոլոգիա: Նշեմ նաև, որ վերջին տարիներին երիտասարդացել է այդ հիվանդության թիրախային տարիքը:
Դրսևորումնե՞ր: Հաճախ չի լինում բացարձակապես որևէ դրսևորում: Նույնիսկ մինչև այն ուշ շրջան, երբ վիրահատությունն արդեն անհնարին է:
Ի՞նչ անել: Անհրաժեշտ է անցնել ընդհանուր բուժզննում, պարոնա՛յք, հատկապես բոլոր նրանց, ովքեր անցել են 45 տարեկանի շեմը: Տարեկան մեկ անգամ, նույնիսկ՝ 9 ամիսը մեկ անգամ:
Ինչու՞մ է կայանում այդ բուժզննման իմաստը: Այցելություն ուրոլոգի:
- Ես որևէ գանգատ չունեմ, - ասում է ինձ մի 47-ամյա տղամարդ, - իմ մեզի շիթն առավել հզոր է, քան որդունս, սիրուհիներս ավելի մեծաքանակ են, քան նրանը, նույնիսկ գիշերվա ընթացքում առավել հաճախ կարող եմ...
ՊՍՀ՝ 18... Բիոպսիայի արդյունքում՝ շագանակագեղձի քաղցկեղ
Ի՞նչ է իրենից ներկայացնում ՊՍՀ-ն
Պրոստատ սպեցիֆիկ հակածինը՝ ՊՍՀ-ն... Սպիտակուց է: Ձվի սպիտակուցի տիպի: Այն իրականացնում է հետաքրքիր ֆունկցիա՝ նոսրացնում է սերմնահեղուկը, որպեսզի այն հեշտոցից գունդ-գունդ դուրս չթափվի: Դե, մտածե՛ք ինքներդ. ի՞նչ կարող է անել սպիտակուցն արյան մեջ: Կասկածում եմ, որ գոյություն ունենան շատ մարդիկ, որոնք արյան մեջ շատ սերմնահեղուկ ունենան, որն անհրաժեշտ լինի նոսրացնել: Եվ ահա, այդ սպիտակուցն արյան գտնվում է շատ աննշան քանակությամբմ ոևը չափվում է նանոգրամներով (10-ը -9 աստիճան)՝ միլիլիտրում: Իսկ ահա քաղցկեղի դեպքում… Քաղցկեղի դեպքում խանգարվում է շագանակագեղձի մազանոթների ամբողջականությունը: Եվ ՊՍՀ (PSA)-ն թափանցում է անմիջապես արյան մեջ: Այն փնտրում է սերմնահեղուկ, որպեսզի նոսրացնի այն արյան մեջ, չի գտնում և սկսում է թախծել…
Ահա հենց այդ թախծոտ սպիտակուցն էլ հայտնաբերում են բժիշկները հասարակ անալիզում, որն այսօր ներառված է ոչ թե 45-ից բարձր տղամարդկանց համար նախատեսված Ինքնակամ բժշկական ապահովագրության մեջ, այլև՝ Պարտադիր բժշկական ապահովագրության մեջ: Այսինքն, արյան ՊՍՀ (PSA)-ի անալիզ կարելի է հանձնել տարեկան մեկ անգամ, սովորական պոլիկլինիկայում:
Մի նրբություն՝ պետք չէ ՊՍՀ (PSA)-ի անալիզ հանձնել մատնային ռեկտալ հետազոտությունից հետո: Դա պետք չէ անել նույնիսկ փորկապությունից հետո: Ցուցանիշը բարձր կլինի: Ինչու՞: Դատե՛ք ինքնե՛րդ: Նայե՛ք մասնատված մարմնին (հուսով եմ՝ դեռ այն դեն չեք նետել) և խորհե՛ք...
Մի խոսքով, առողջությու՛ն Ձեզ, սիրելի տղամարդի՛կ... Շագանակագեղձի թեման անվերջ է, անհնարին է խոսել ամենի մասին մի փոքր հոդվածի շրջանակներում... Սակայն հուսով եմ՝ հաջողվեց արտահայտել հիմնական միտքը:

Հարգանքով՝ ընդմիշտ Ձեր՝ Դիլանյան: