(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

ԲԼՈԳ

Քունը

Ձեզ կթվա՝ ինչու՞ պետք է ուրոլոգը հոդված գրեր քնի մասին: Եթե անգամ ուրոլոգը կապ ունենար քնի ուսումնասիրման հետ, ապա դա կվերաբերեր միմիայն այն ամենին, ինչը տեղի է ունենում քնելուց առաջ: Այո: Ընդհանուր առմամբ ամեն բան հենց այդպես է, ամեն բան ճիշտ է: Սակայն չափազանց հաճախ ստիպված ենք լինում ուսումնասիրել այնպիսի հիվանդների, որոնց հիվանդությունները բխում են քնի այս կամ այն խանգարումից: Այդ իսկ պատճառով վերոհիշյալ հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրվել է իմ կողմից և ներկայացվում է Ձեր ուշադրությանը:

#


«Տղամարդը քնում է գեղեցիկ հրեշտակի պես:
Իսկ կինը քնում է չա՛ր: Նա քնում է՝ որքան ուժ ունի»
(с) Բաչինսկի և Ստիլավին

Նյարդայնացած ու բարկացած մարդը մոտենում է իր անկողնուն: Անկողինը գայթակղում է՝ խոստանալով հանգիստ և ընդմիջում երկու՝ սարսափելի միմյանց նման օրերի միջև: Մարդն անկողնու մասին է մտածել ողջ օրվա ընթացքում, ի՞նչ օր՝ աշխատանքային ողջ շաբաթվա ընթացքում: Մարդը հորանջում է. դժվարությամբ հանվելով՝ նա իրեն նետում է անկողին: Թվում է՝ անմիջապես քնելու է: Ահա ևս մեկ րոպե, և լարվածությունը կանցնի նրա դեմքից ու նա կքնի:
Բայց քունը վրա չի հասնում: Այդ ընթացքում մարդը նախ տաքանում է, այնուհետև սկսում է շոգել: Չնայած դրսում -20 աստիճան է, սակայն նրա համար տոթ է: Նա պտտվում է, կրճտացնում ատամները, ջանում է թուլանալ, ավելի է նյարդայնանում... Սակայն այդպես էլ չի կարողանում քնել: Անցնում է մեկ ժամ, ապա երկրորդ ժամը, երրորդը... Առավոտյան կողմ մարդն անջատվում է մի փոքր պահով, ինչը քուն չի կարելի անվանել. դա նիրհ է, կիսաքուն վիճակ: Եվ ահա, հնչում է զարթուցիչը: Բջջային հեռախոսի «Զարթուցիչ» ֆունկցիայի նույնիսկ ամենագեղեցիկ մեղեդին լսելիս առաջանում է միայն մեկ միտք՝ գնդակահարել այդ բջջայինը...
Ի՞նչ է, ծանո՞թ իրավիճակ է: Հաճա՞խ եք ստիպված լինում աշխատանքի գնալ քունը չառած վիճակում: Հաճա՞խ է պատահում, որ առավոտյան ի վիճակի չլինեք արթնանալ: Հաճա՞խ է պատահում, որ արթնանալիս տառապում եք սև-մոխրագույն դալտոնիզմով: Դե, դա այն ժամանակն է, երբ շուրջբոլորն ամեն ինչ սև-մոխրագույն է թվում, իսկ Ձեր դեմքի արտահայտությունը շրջապատի մոտ ասոցացվում է Քթուլհուի հետ:
Այս հարցերից գոնե մեկի պատասխանը դրակա՞ն է: Նշանակում է՝ այս հոդվածը Ձեզ համար է: Ուշադիր կարդացեք և նշումներ արեք:


#


«Հանրահայտ մաթեմատիկոս դառնալու համար անհրաժեշտ է, նախ, մի լավ քնել»
Էյլեր

Բժշկական մի անվանի պարբերականի տվյալների համաձայն՝ մեծ քաղաքների բնակչության մինչև 70 տոկոսը տառապում է քնի այս կամ այն ձևի խանգարումներով, ընդ որում՝ բժշկի է դիմում նրանց՝ առավելագույնը 14 տոկոսը: Հարկ է նշել, որ հարցման մասնակիցների մմեծամասնությունը քնի խանգարումներն առանձնապես լուրջ բան չեն համարում՝ մտածելով, որ դա ընդամենը անխուսափելի հետևանքն է լարված աշխատանքի, և հարցման գրեթե բոլոր մասնակիցները հակված են այն մտքին, որ «դեռ կհասցնենք քնել, երբ թոշակի անցնենք»:
Որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչ է նշանակում «քնի թեթև կամ ծանր խանգարում», անհրաժեշտ է գոնե հասկանալ՝ ինչ է հենց ինքը՝ քունը:


#


Քունը և գիշերը գնում են նույն ճանապարհով
Ռուսական ասացվածք

Քունը ֆիզիոլոգիական այնպիսի վիճակ է, որը բնութագրվում է շրջակա միջավայրի հետ սուբյեկտի հոգեկան ակտիվ կապերի կորստով:
Ինչու՞ է այն կոչվում ֆիզիոլոգիական: Դա, պարզապես, խելացի բառ է, որը ցույց է տալիս այս կամ այն երևույթի նորմալ լինելը: Այսինքն՝ քունը նորմալ վիճակ է, որով բնութագրվում է առողջ անհատը: Հոգեկան ակտիվ կապերն իրենցից ներկայացնում են շրջակա միջավայրի հետ սուբյեկտի փոխհարաբերության ճանապարհները՝ զրույցներ շրջապատի մարդկանց հետ, bash.org.ru կայքի ընթերցում, բլոգ վարելը, հիվանդներ բուժելը և, վերջիվերջո՝ սեքսը: Այդ ամենը ակտիվ հոգեկան գործունեության օրինակներ են: Իսկ «սուբյեկտ» է կոչվում ղեկավարության, մեկնաբանություններ չգրող ընկերների կողմից տանջված և ատելի աշխատանքից հոգնած մարդը:
Ինչի՞ համար է քունը 
Կամ, այլ կերպ ասած, ինչու՞ է մարդն իր կյանքի մեկ երրորդ մասն անցկացնում քնած վիճակում:
Քունը համարվում է էներգիայի վերականգնման աղբյուր: Ո՞ր էներգիայի: Ամենահասարակ գլխուղեղի բջիջների ադենոզինեռֆոսֆատ (ATP) էներգիայի: Մարդիկ, ովքեր չեն ուսումնասիրել ֆիզիոլոգիան, բնութագրում են քունը՝ որպես հանգստի մի ձև, և նրանք այնքան էլ հեռու չեն իրականությունից: Սակայն քունն իրենից ներկայացնում է ֆիզիոլոգիական ակտիվ գործընթաց. պարզվում է, որ քնի ընթացքում հաճախ ուղեղի ակտիվությունը գերազանցում է ցերեկային, արթուն վիճակի ակտիվության մակարդակը: Ինչու՞՝ կքննարկենք հաջորդիվ:
Քնի ընթացքում մարդը նախապատրաստվում է արթուն վիճակին: Այսինքն՝ քնի ընթացքում մարդու օրգանիզմն ԱԿՏԻՎՈՐԵՆ պատրաստվում է արթուն վիճակին՝ շրջակա միջավայրի հետ ակտիվ հոգեկան փոխհարաբերություններին:


#


Լույսը կբացվի, բարին հետը 
Ռուսական ժողովրդական ասացվածք

Քնի բաղկացուցիչ մասերը
Գոյություն ունի ԷԷԳ կոչվող մեթոդ՝ էլեկտրոէնցեֆալոգրամմա: Գլխին ամրացվում են բազմաթիվ տվիչներ և չափվում է ուղեղի ակտիվությունը: Արդյունքում ստացվում են ծռմռված գծեր և ինչ-որ անհասկանալի խզբզոց, որոնք ինչ-որ ձևով համակարգվում են: Միմիայն մասնագետի համար հասկանալի այդ մեթոդի հիման վրա տարբերակում են քնի երկու փուլ՝ դանդաղալիքային և արագալիքային: Իր հերթին, դանդաղալիքային փուլը բաժանվում է 4 մասի՝ նիրհ, թեթև քուն, միջին խորության քուն, խորը քուն: Չտրվելով էնցեֆալոգրաֆիկական մանրամասներին՝ կարելի է ասել, որ բոլոր այդ փուլերի ընթացքում գլխուղեղի գործունեության գրաֆիկը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է մարդկանց՝ գլխուղեղի հանգստի մասին ունեցած պատկերացումներին. ընկնում է ռիթմի հաճախականությունը, և աճում է տատանման մեծությունը: Եթե փորձենք արտահայտել այս գիտական և բարձրաշխարհիկ բառապաշարով գրված նախատասությունը մարդկային լեզվով, ապա կարելի է ասել, որ այդ փուլում գլխուղեղը հանգստանում է. մարդը ոչ մի կերպ չի հաղորդակցվում արտաքին աշխարհի հետ, չի խոսում, նրա աչքերը չեն շարժվում, նա երազ չի տեսնում:
Արագ քունն իրենից ներկայացնում է դանդաղ քնի հառառակ պատկերը, ինչպես և երևում է անվանումից: ԷԷԳ-ի տվյալներով՝ գլխուղեղի գործունեության ակտիվությունը կտրուկ աճում է՝ մոտենալով կամ, մինչև իսկ, հավասարվելով արթուն վիճակի ԷԷԳ-ի տվյալներին, մարդու աչքերն արագ շարժվում են փակ կոպերի տակ, և մարդը երազներ է տեսնում: Հավանաբար, հենց այդ փուլում է գլխուղեղը վերականգնում շրջակա միջավայրի հետ ինֆորմացիոն հավասարակշռությունը՝ ստեղծում է նոր կապեր, փնտրում ու գտնում է հարցերի պատասխաններ, զբաղվում է վարքագծի ծրագրի մշակմամբ: Այս փուլի համար հատկանշական են շնչառական և սրտային առիթմիան, զարկերակային ճնշման տատանումները, ապնոէ էպիզոդներ (շնչառության կանգ), առնանդամի և կլիտորի էրեկցիա: Այս փուլի կարևորությունը ցույց է տրվել փորձով. մարդու մոտ արագ քնի խանգարման դեպքում (ասենք, մարդուն արթնացնում են միայն ԷԷԳ-ի ընթացքում տվյալ փուլին բնորոշ ազդանշանների հայտնվելուն պես) առաջանում են մղձավանջներ, կտրուկ վատթարանում է հիշողությունը և բոլոր կոգնիտիվ ֆունկցիաները: Եվ երբ այդ խեղճին թույլ են տալիս քնել, ապա արագ քնի տևողությունն աճում է մինչև 60-70 տոկոսով:


#


Պառկի՛ր ու քնի՛ր՝ արթնանաս, առողջ կլինես:
Եթե նորմալ քնես, կերիտասարդանաս:
Ռուսական ժողովրդական ասացվածք

Քնի խանգարումներ
… նույն ինքը՝ անքնություն: 
Անքնության համար պատճառները չափազանց շատ են: Մի կողմ դնելով հոգեկան ու ֆիզիկական հիվանդությունները՝ քննարկենք անքնության այն պատճառներն ու տարբերակները, որոնք առաջանում են առողջ մարդկանց մոտ՝ քնի հիգիենայի խանգարման արդյունքում:
Համաձայն նյարդաբանական դասակարգմանը՝ քնի խանգարումները լինում են՝ նախաքնային, միջքնային, ետքնային:
Նախաքանային խանգարումների ժամանակ խախտված է «քուն մտնելու» մեխանիզմը: Հիշու՞մ եք նիրհելու փուլը: Ասես դրա սկիզբը կամ տեղափոխվում է կամ հետաձգվում: Ի հայտ են գալիս քնի «պաթոլոգիական սովորություններ»՝ «վախ անկողնուց», «անկողնում քուն մտնելու սինդրոմ» և այլն:
Միջքնային խանգարումների դեպքում խախտված է «քունը շարունակելու» մեխանիզմը: Այսինքն՝ դանդաղ քունը չի հասնում անհրաժեշտ խորության և շարունակում է մնալ 1,2-րդ ստադիաների մակարդակում: Կամ խախտված է արագ քնի ստադիան՝ առաջանում են գիշերային մղձավանջներ, մարդն արթնանում է միզելու ցանկությունից, վեր է թռչում քնած տեղից, ունենում է ֆիզիոլոգիական առիթմիաներ:
Ետքնային խանգարումների դեպքում անձը գանգատվում է վաղ արթնանալուց, ամբողջ օրվա ընթացքում նրան տանջում է քնելու ցանկությունը: Ընդ որում, հաճախ անձի մոտ զարգանում է պաթոլոգիական սովորություն՝ նրան չի հաջողվում քնել անկողնում՝ նույնիսկ պատշաճ պայմանների առկայության դեպքում:
Վերոհիշյալ վիճակները հաճախ են պատահում մեծ քաղաքների բնակիչների շրջանում, ինչպես նաև այն մարդկանց մոտ, որոնք տառապում եմ քրոնիկ սթրեսից և հակված են քրոնիկ հոգնածության: Սրտանոթային համակարգի հիվանդությունների, մանիակալ-դեպրեսիվ սինդրոմի կամ այլ նյարդաբանական, հոգեկան և օրգանական հիվանդությունների բացակայության դեպքում նման վիճակները հեշտությամբ են վերահսկվում՝ քնի հիգիենայի պահպանման պայմանով: Հաճախ վերոհիշյալ վիճակների առկայության առաջին դրսևորումն է հանդիսանում քնի խանգարումը, այդ իսկ պատճառով՝ բժշկի դիմելն անհրաժեշտ է:


#


Քնի հիգիենա: Պարզ խորհուրդներ: 
1.    Մշտապես քնել և արթնանալ միևնույն ժամին: Կարևոր չէ, աշխատանքային օրերին, թե հանգստյան: Այդ դեպքում, մոտավորապես 3 շաբաթվա ընթացքում գլխուղեղը կմշակի «քնի ժամերի» ռեֆլեքս: Ցանկալի է, որ Ձեր քնի ժամը բաժանելի լինի 1,5-ի: Այն պարզ պատճառով, որ դա այն միջին ժամանակն է, որի ընթացքում ունենում եք դանդաղ քնի ամբողջական ցիկլ. արագ քունը և արթնացումը տեղի են ունենում «դանդաղ քնի» սկբում, այսինքն այն փուլերը, երբ մարդու քունը մակերեսային է, նա գործնականում գրեթե արթուն վիճակում է: Քնի օպտիմալ տևողությունն է 7,5 ժամ. այդ ընթացքում տեղի կունենա էներգիայի կուտակում, ինչպես նաև ձեռք կբերվի ինֆորմացիոն հավասարակշռություն:
2.    Անկողինն ընթերցանության, հեռուստացույց դիտելու կամ այլ կոգնիտիվ ֆունկցիաների վայր չէ: Անկողինն իրենից ներկայացնում է ընդամենը քնելու կամ սեքսով զբաղվելու մի վայր: Այլապես օրգանիզմը կորցնում է սովորությունը. Դուք, ասես, նրան ասեք՝ անկողնում կարելի է զբաղվել գործերով, նախագծերով, ավելորդ մտքերով: Քնե՛ք: Քնի մեջ որոշումը կգտնվի ինքն իրեն:
3.    Եթե վերոհիշյալ կետերի պահպանման դեպքում չի հաջողվում քնել 20 րոպեից ավելին, եթե պտտվում եք անկողնում, եթե մտքերը Ձեզ հանգիստ չեն թողնում, ապա վե՛ր կացեք, խալաթ հագե՛ք, խնձոր կերե՛ք և զբաղվե՛ք որևէ հեշտ գործով: Ոչ մի դեպքում չսկսե՛ք աշխատել: Վերադարձեք և պառկեք ոչ թե այն պատճառով, որ «անհրաժեշտ է քնել», այլ այն ժամանակ, երբ իրականում կցանկանաք քնել: Նման գիշերվանից հետո ոչ մի դեպքում մի՛ քնեք օրվա ընթացքում. Ձեր քունը կխանգարվի:
Այս երեք հիմնական կանոնը մարդկանց մեծամասնությանը հնարավորություն են տալիս մշակել ճիշտ քնելու սովորություն: Այնուամենայնիվ, դրանք կարող են օգտակար չլինել այն դեպքում, երբ քնելուց առաջ Դուք ծխում եք, խմում սուրճ, թեյ կամ լավ սնվում եք: Անհրաժեշտ է լավ օդափոխել սենյակը, տաք լոգանք ընդունել, մի խոսքով՝ արեք այն ամենն ինչ Ձեր վրա թուլացնող ազդեցություն է թողնում:


#


«Հիվա՛նդ, արթնացե՛ք: Մոռացել եք քնաբեր ընդունել» 
Իրական կլինիկական իրավիճակ

Քնաբեր դեղամիջոցներ 
Քնաբեր և հանգստացնող դեղահաբերի առումով՝ իրավիճակն այնքան էլ պարզ չէ: Շատերին թվում է, թե քնաբեր դեղամիջոցներ ընդունելու մեջ որևէ վատ բան չկա:
Բացե՛նք կլինիկական նյարդաբանության ցանկացած ձեռնարկ և կարդանք քնաբեր դեղամիջոցներին նվիրված բաժինը: Պարզվում է, որ դրանց մեջ չկա որևէ դեղամիջոց, որն ընդունակ լինի առաջացնել բնական քուն. դրանց ազդեցության ներքո քնի կառուցվածքը կտրուկ փոփոխվում է, դրանցից շատերի դեպքում պարզապես ընդհատվում է արագ քնի փուլը, իսկ ինֆորմացիոն հավասարակշռությունը չի վերականգնվում: Արդյունքում՝ անընդհատ հոգնածություն, մղձավանջներ, քնաբեր դեղամիջոցների չափաբաժինների մեծացում, դեպրեսիաներ…
Իսկ Ձեզ չի՞ թվում, որ փակուղու առջև եք:
Ավելի դյուրին չէ՞ր լինի վերացնել անքնության պատճառները և ձեռք բերել առողջ, խորը քուն: Ամեն դեպքում, թվում է... Սակայն ելնելով այս կամ այն պատճառներից՝ այնուամենայնիվ ցանկանում եք խմել քնաբեր դեղեր...
Նորմալ քուն են ապահովում առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներ, որոնք ավելի շուտ ունեն հանգստացնող, քան քնաբեր ազդեցություն: Դրանց ազդեցությամբ առաջանում է նիրհ, իսկ հետագայում քունը պահպանվում է ինքնուրույն: Ուրցով թեյը հանդիսանում է իդեալական քնաբեր միջոց: Չեմ ասի, թե կոնկրետ ինչ բաղադրիչներ կան, սակայն ըստ ճաշակի քաղցրությամբ մեկ բաժակ նման թեյը Ձեզ կտա հանգիստ, հանդարտ, առողջ քուն: Հետաքրքիր է, որ բարձրադիր երկրներում, որտեղ համընդհանուր տարածում ունի ուրցով թեյը, շատ հազվագյուտ են գանգատվում վատ քնից կամ մղձավանջներից: Սակայն եթե նմանատիպ երկրների բնակիչները տեղափոխվում են մեծ քաղաքներ ու մոռանում ուրցով թեյի մասին, նրանք քնի հետ խնդիրներ են ունենում առավել հաճախ, քան այդ քաղաքների բնակիչները: Իրենց սննդակարգում ավելացնելով ուրց՝ նրանք կրկին մոռանում են իրենց խնդիրների մասին:


#


Այն, ինչ պատահում է իրականում, տեսնում ենք երազում
Ռուսական ժողովրդական ասացվածք 

Մի կողմ դնելով բոլոր դեղատոմսային քնաբեր հաբերը և համարելով դրանք սթրեսների կամ քնի հիգիենայի խանգարումների արդյունքում առաջացած անքնության բուժման դեմ սարսափելի չարիք՝ կցանկանայի պատմել մի մեթոդի մասին, որի մասին խելքը գլխին ոչ մի բժիշկ դեատոմսի վրա ոչինչ չի գրի: Մեզ պետք է որակյալ, լավ սեքս՝ լավ ընտանիքից մի սիրունիկ աղջկա հետ: Բնականաբար՝ առանց այդ լավ ընտանիքի: Ինչու՞ է սեքսը հանդիսանում լավ միջոց: Ֆիզիոլոգիական տեսանկյունից՝ որովհետև սեքսից անմիջապես հետո արտազատվում են այնպիսի նյութեր, որոնք քայքայում ու վերացնում են բազմապիսի սթրեսային հորմոններ: Օրգանիզմը բարդ և իդեալական մեխանիզմ է և ունի հետադարձ կապի ֆունկցիա. այսինքն՝ եթե սեքսից առաջ կամ սեքսի ժամանակ այն արտադրում է գրգռող նյութեր, ապա սեքսից անմիջապես հետո՝ այն դրանք ուտիլիզացնում է: Դրանց հետո միասին ուտիլիզացիայի են ենթարկվում այն բոլոր սթրեսային հորմոնները, որոնք Դուք կուտակել եք օրվա ընթացքում: Արդյունքում՝ հաճելի թմրություն, թուլություն, արագ վրա է հասնում նիրհի փուլը և ապահովվում է շարունակական քուն:
Իսկ եթե աղջիկը սկսի բողոքել, թե ինչու եք Դուք քնում անմիջապես սեքսից հետո, ապա նշանակում է՝ նա լավ ընտանիքից չէ: Մեկ ուրիշին փնտրե՛ք:


#


Քունը խանգարող օրգանական պատճառներ 
Այս դեպքում ևս անիմաստ է խոսել լուրջ պատճառների մասին: Կգա ժամանակ, և Դուք կնկատեք դրանք ու կդիմեք բժշկի: Եվ ահա…
Քթի մշտական լցվածություն: Դե, պարզապես հնարավոր չէ շնչել ու վերջ: Դա դեռ ամենը չէ՝ շնչել հնարավոր է նաև բերանով՝ մտածում եք ու մոռանում այդ մասին: Մինչդեռ, քթային շնչառության խանգարումը հանդիսանում է քնի խանգարման ամենատարածված պատճառներից մեկը. չէ՞ որ այդ դեպքում բերանի խոռոչի ամբողջական ռելաքսացիան անհնարին է դառնում: Ի միջիայլոց, խռմփոցի և գիշերային ապնոէների պատճառներից մեկն է հենց քթի խոռոչի խցանումը: Անպայման դիմե՛ք քիթ-կոկորդ-ականջի մասնագետի. այժմ դե բավականին լավ է բուժվում:
Երիկամային խիթ: Երիկամային խիթի դեպքում, ճիշտ այնպես, ինչպես ատամի ցավի դեպքում, բացարձակապես անհնարին է քնել: Անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:
Լյարդի հիվանդություններ: Լյարդի բազմաթիվ հիվանդություններ ընթանում են թաքնված. զուր չէ առաջնային-քրոնիկական ընթացք ունեցող հեպատիտ “C” հիվանդությունը “քնքուշ մարդասպան” անվանվում: Անպայման գնացեք պարբերական բուժզննման:
Շագանակագեղձի հիվանդություն: Ադենոմա, նույն ինքը՝ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա: Դե, պատկերացրեք՝ որքանո՞վ է հաճելի գիշերվա ընթացքում մի քանի անգամ վեր կենալ ու զուգարան վազել: Ավելի լավ չէ՞ր լինի մեկ անգամ բժշկի գնալ:
Քորով ուղեկցվող մաշկաբորբ: Արևելքի ամենասարսափելի անեծքներից մեկը ոչ մասնագիտաբար թարգմանելու դեպքում կհնչեր հետևյալ կերպ. «Թո՛ղ պատժի՛ քեզ Ալլահը քոսով ու զրկի՛ քեզ եղունգներից»:


Ավարտելով անքուն գիշերների ու ծանրագույն մտորումների արդյունքում ստեղծված այս աշխատանքս՝ ցանկանում եմ Ձեզ բարի գիշեր ու տեղեկատվական հավասարակշռության գեղեցիկ վերականգնում, այսինքն՝ բարի երազներ: