Անմիզապահության պատճառները
Այո՛, իրականում դա տարիքային խնդիր է: Որպես կանոն՝ կանանց մոտ սթրեսային անմիզապահություն առաջանում է այն դեպքում, երբ կրճատվում է էստրոգենի՝ կանացի սեռական հորմոնի քանակությունը, որն ապահովում է միզապարկի զսպող ապարատի ուժը և դիմադրողականությունը: Հազը, ծիծաղը, փռշտոցը, ուժի գործադրումը բարձրացնում են միզապարկի վրա գործադրվող ճնշումը, իսկ թուլացած սֆինկտերն այլևս չի կարողանում դիմադրել: Նախ դա աննկատ է՝ դուրս է մղվում ընդամենը մի կաթիլ, սակայն ժամանակի ընթացքում սֆինկտերն է՛լ ավելի է ձգվում, և իրավիճակը բարդանում է: Մեզը քայքայում է հեղուկը, և հեշտոցի լորձաթաղանթը, մեզի հետ ունեցած մշտական կոնտակտի պայմաններում, մեծ վնաս է կրում՝ քոր, գրգռվածություն, սեռական օրգանների մշտական բորբոքվածություն, սեռական կյանքով ապրելու անհնարինություն...
Ծննդաբերությունից հետո անմիզապահությունը երիտասարդ կանանց համար սարսափելի խնդիր է: Անմիզապահության այս տեսակի առաջացումը կապված է կանանց օրգանիզմում հորմոնալ ֆոնի փոփոխության հետ. հղիության ընթացքում կոնքի օրգանները ենթարկվում են իրենց համար անսովոր ծանրաբեռնվածության, և կոնքային հատակը գերձգվում է: Մեծ մասամբ ծննդաբերությունից հետո անմիզապահությունն անցնում է ինքն իրեն, սակայն երբեմն օրգանիզմի ռեզերվները պարզապես չեն բավականացնում վերականգնման համար: Ծննդաբերությունց հետո ի հայտ եկած անմիզապահության զարգացմանը կարող է նպաստել նաև դրան հաջորդող տարվա ընթացքում երեխային անընդհատ գրկում պահելու հանգամանքը:
Անմիզապահության մյուս տեսակը՝ այսպես կոչված՝ իմպերատիվ անմիզապահությունը, ի տարբերություն սթրեսային անմիզապահության, առաջանում է միզապարկի տարբեր հիվանդությունների պատճառով. ինտերստիցիալ ցիստիտ, միզապարկի հիպերակտիվություն, իներվացիայի խանգարում: Այս դեպքում կինն ունենում է միզելու սուր, հրամայական ցանկություն. նա շտապ պետք է զուգարան գնա: Սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է, իսկ մեզը զպել չի հաջողվում: