+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

"Այսօր ես քեզ դուրս գրեցի" կամ երկրորդ շագանակագեղձի քաղցկեղը. Մաս 2-րդ

...- Թղթաբանությունը թողե՛նք հետո: Խնդրում եմ: - Հաղթանդամ տղամարդն ամեն ինչ անում էր, որպեսզի չբղավեր. նրան մի կերպ էր հաջողվում խոսել ատամների արանքից: Այտոսկրերն այնպես են ցցվել, ասես հիմա կփշրի սեփական ատամները:
-Խնդրում եմ, ինձ ընդամենը Ձեր ստորագրությունն է անհրաժեշտ: Սրանով կտաք Ձեր համաձայնությունը, որպեսզի հետազոտեմ ու բուժեմ Ձեզ: Հետո ամեն ինչ կլրացնեմ…

 

Մեկ ժամ առաջ

Տոթ է: Պատուհանները լայն բաց են, սակայն դա սենյակն առավել տոթ է դարձնում: Ներքուստ մի տեսակ անհանգիստ եմ. ասես կանխազգում եմ, որ գիշերն անհանգիստ է լինելու հարաբերականորեն հանգիստ, գործնականում ծայրահեղ իրավիճակներից զերծ այս հիվանդանոցում: Բայց ախր ի՞նչ կարող է պատահել: Երիկամային խի՞թ: Գլուխ կհանեմ: Կույրաղի՞ք: Խոլեստիցի՞տ: Պանկրեատի՞տ: Դրանցից ևս գլուխ կհանեմ: Դանակային վիրավորում այստեղ չեն բերի, իսկ եթե նույնիսկ նման բան պատահի, վատագույն դեպքում պետք է տեղի զինծառայողները միմյանց դանակահարած լինեն… Այդ դեպքում նույնիսկ ժամանակ չի լինի վախենալու: Այնպես, ինչպես ժամանակ չունեցանք վախենալու մեր շրջանի հիվանդանոցում, երբ մեզ մոտ բերեցին մի զինվորի՝ երիկամի ետևում երկու լիտր թարախով... Անեսթեզիոլոգը չէր ցանկանում ցավազրկել՝ ասելով, որ եթե պետք է մեռներ, ապա թող դա պատահեր առանց մեր «միջամտության»… Միևնույն է մեռնելու էր… Ահա հիմա ուր որ է կմեռնի… Իսկ նա կենդանի մնաց, սակայն մինչ այժմ կասկածներ ունեմ, որ նա ավելի շուտ կենդանի մնաց՝ ի հակառակ իմ գործողությունների: …Հաստատ մեզ մոտ արյունահոսող խոց չէին բերի… Ծննդաբերությունը՝ բնականաբար մեզ մոտ չէին բերի, քանի որ մեզ մոտ մանկաբարձական գործիքներից միայն ունելի կար: Չէ՛, չէ՛, չսխալվեցի: Պարզապես չգիտեմ՝ ինչպես է կոչվում այդ մեկ ծայրով ունելին: Չնայած, մենք այդ թեմայով նույնիսկ գրականություն ունենք: «Մանկաբարձության արվեստը կամ գիտություն կանանց գործի մասին» գրքի կազմի լուսանկարը: Երբ հիվանդանոցում որոշ կասկածելի դեմքեր գենդերային հավաքներ կազմակերպելու փորձեր են անում, մեր գլխավորը հենց այդ գրքի շապիկով է ոգևշնչվում: “Կանա՛յք, ծննդաբերություններո՛վ զբաղվեք”, - բղավում է նա, - “Կանացի գործերո՛վ զբաղվե՛ք”: Այդ ժամանակ կանանք ստիպիված են լինում արագ վազել և թունդ թեյ պատրաստել նրա համար…

45 րոպե առաջ

- Ալո՞, Հովհաննե՞ս, ողջու՜յն, Լաֆիուլինն է:
- Սալյամ ալեյկում ու ալլահ ակբար, Բեկմուհամեդ Առիֆմամեջանովի՛չ, - ասում եմ ես՝ հասկանալով, որ մաքուր զտարյուն ռուսի արտաքին ունեցող այդ անձնավորությունը՝ ռուսական բանակի գնդապետ, զանգահարում է միայն այն դեպքում, եթե արդեն բանը բանից անցել է:
- Մի՛ հեգնիր, - մի տեսակ փափկում է Արիֆմեմետրովիչը, - հիմա քեզ մոտ սուր միզականգով մի հիվանդի կբերեն: Ինձ ապահովագրական ընկերությունից էին զանգել. չնայած դեռևս չեմ հասցրել հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվում.... Մի խոսքով, տես՝ ինչ է ու ինձ զեկուցի՛ր:
- Մի՛ հրամայիր, Բե՛կ: Չէ՞ որ ես զինվորական չեմ, - արդեն նույնիսկ կատակում եմ, քանի որ սուր միզականգը՝ դա արդեն իսկ լավ էր: Համենայն դեպս այդ ժամանակ այդպես էի կարծում: Չէ՞ որ սովորաբար սուր միզականգ ասելով՝ հասկանում ենք ադենոմա կամ պրոստատիտ, կատետեր, մեծ քանակությամբ կատեժել (հատուկ գել՝ լիդոկայինով), պատկառելի տարիքում գտնվող մի տղամարդու բղավոց, այնուհետև նրա երջանիկ ծիծաղը: Սակայն այս ամենը վերաբերում է սովորական դեպքերին:
- Թղթաբանությամբ հետո կզբաղվենք, խնդրում եմ...


Ախտորոշում

Այդ ամենը ես գրել եմ հետո՝ շնորհակալություն հայտնելով Աստծուց, որ նրան ստորագրել էի տվել տեղեկացված համաձայնությունը:

D-s: Հիմնական. շագանակագեղձի քաղցկեղ՝ Т4N2M1: Օրխէկտոմիային, կոմբինացված քիմիո-, ճառագայթային հակահորմոնային թերապիային հետևող վիճակ: Իրականացվել է նեֆրոստոմիա՝ զարգացող հիդրոնեֆրոզի կապակցությամբ, որն առաջացել էր տեղային ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարման արդյունքում: Սուր միզականգ:
Ուղեկցող հիվանդություններ. սրտի իշեմիկ հիվանդություն՝ 2-րդ ֆունկցիոնալ դասի լարվածության ստենոկարդիա: Պարոքսիզմալ թրթռացող առիթմիա, ինչի համար ստանում է արյունը ջրիկացնող դեղորայք (վարֆարին, որի վերջին չափաբաժինն ընդունել է հիվանդանոց ընդունվելուց 36 ժամ առաջ) և որը բարդացել էր 48 ժամ առաջ՝ մեզի մեջ արյան առաջացմամբ: 2-րդ տիպի շաքարային դիաբետ՝ կոմպենսացիա: Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց՝ ռեմիսիայի փուլ: Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն: Հիպոտիրեոիդ զոբ՝ ամբողջական տիրեոիդէկտոմիայից հետո՝ դեղային էութիրեոզ:
Վերոնշյալ այս ամենը նշանակում է, որ շագանակագեղձի քաղցկեղն ունի մետաստազներ՝ չնայած հեռացվել են ամորձիները, և իրականացվել է ծանր թերապիա: Պարզապես այն պահին, երբ նա առաջին անգամ եկավ բժշկի, նրան վիրահատությունն արդեն իսկ հակացուցված էր: Ի՞նչ վիրահատության մասին է խոսքը, եթե առաջին անգամ բժշկի դիմելու պահին նրա PSA (ՊՍՀ)-ն բարձր էր 100-ից: Այդ ցուցանիշի դեպքում անգամ սարքն է սկսում տատանումներ գրանցել, նման նիշերի դեպքում նույնիսկ ճշգրտումներ չեն կատարվում՝ կարիք չկա: PSA (ՊՍՀ)-ն նորմալ դեպքերում չպետք է գերազանցի 4-ը: Դրանից առավել ցուցանիշի առկայության դեպքում՝ տագնապ, ուլտրաձայնային հետազոտություն, բիոպսիա: Երբ նա առաջին անգամ եկավ բժշկի, վերջինիս մնում էր միայն հիվանդի կողքին անցք բացել և խողովակ՝ նեֆրոստոմա տեղադրել: Իսկ մյուս ծայրից ամրացվեց պարկ՝ առանց հետագայում այն հանելու որևէ հույսի: Քանի որ միզածորանը խցանվել էր բազմաթիվ ավշային հանգույցներով, որտեղ և գտնվում էին չար մետաստազները: Հիվանդը տառապում է թրթռացող առիթմիայով: Այսինքն՝ նրա սիրտը պարբերաբար սկսում է անկանոն կերպով բաբախել: Կրճատվելու փոխարեն նախասրտերը ոչ համաչափ թրթռում են: Եվ ի՞նչ, ի՞նչ կարիք կա նման իրավիճակում նոսրացնել մարդու արյունը: Այն էլ վարֆարինի միջոցով, որի պատճառով արյուն է հայտնվել նրա նեֆրոստոմիկ պարկի մեջ: Իսկ գիտե՞ք՝ մարդու սիրտն ունի նաև ականջիկներ: Զվարճալի է, այնպես չէ՞՝ սրտի ականջիկներ: Սրտաբանները դրանք չեն սիրում. նրանք հաստատ կգերադասեին, որ դրանք առհասարակ գոյություն չունենային, քանի որ դրանցում թրթռացող առիթմիայի դեպքում թրոմբեր են առաջանում: Իսկ դրանք հետագայում գնում են թոքային զարկերակներ, խցանում դրանք՝ առաջացնելով թոքային զարկերակների թրոմբոէմբոլիա: Իսկ դա արդեն հանգեցնում է մահվան: Հերթապահ ռեանիմատոլոգը, լսելով “Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայով հիվա՜նդ են բերել” արտահայտությունը, սկսում է հայհոյել…
Նրա ախտորոշման մյուս մասը կարելի է բաց թողնել: Այժմ կարևոր է մեկ բան՝ այնպես անել, որ մեզը դուրս գա նրա օրգանիզմից…
Կատետերը չի մտնում: Փոքր-ինչ բարկացած՝ ես կատետերն անց եմ կացնում մետաղական հաղորդչի վրա: Այս անգամ ևս չի ստացվում: Գիտակցում եմ, որ անհրաժեշտ է հիվանդին նախապատրաստել տրոակար ցիստոստոմիայի՝ վիրահատություն, որի դեպքում միզապարկում տեղադրվում է խողովակ: Սակայն վերցնում եմ ցիստոսկոպը և ջանում անցկացնել գոնե միզածորանային՝ ամենաբարակ կատետերը: Ցիստոսկոպը հանդիպում է ինչ-որ անհաղթահարելի խոչըդոտի: Քաղցկեղը շագանակագեղձը վերածել է քարի և թույլ չի տալիս, որ որևէ բան ներս թափանցի... Նույնիսկ հիդրոհարվածը ետ է մղվում, այսինքն՝ այնտեղ նույնիսկ ջուրը չի կարողանում թափանցել: Այլընտրանք չունեմ. ստիպված պատրաստվում եմ տրոակար ցիստոստոմիայի: Նովոկայինով ցավազրկում եմ տարածքը, որտեղով պետք է անցկացվի տրոակարը (սուր ծայրով սնամեջ խողովակ է): Իրականացվում է փոքրիկ կտրվածք, ներս է մտցվում տրոակարը, խողովակը հնարավորինս խորն է մտցվում, այնուհետև հանվում է տրոակարը և մաշկի վրա է ֆիքսվում խողովակը: Ահա և վերջ... Իսկ մեր կլինիկայի նման կլինիկաներում իրականացվում է նաև այդ ամենի ռենտգեն և ուլտրաձայնային վերահսկում: Անում եմ այդ ամենը: Ամեն ինչ նորմալ է:
Մինչև գիշերվա ժամը երեքը հիվանդը մնում է բաժանմունքում՝ իմ հսկողության տակ: Արյունահոսություն չկա:


Հաջորդ առավոտը՝ ժամը 6:30

Հեռախոսազանգ: 
- Բժի՛շկ, շտա՛պ է: Հիվանդն իրեն լավ չի զգում:
- Գալիս եմ:
Հագնում եմ կոշիկներս, նայում ժամացույցին՝ 6:30 է: Ափսոս՝ մեկ ժամ ավել կարող էի քնել, իսկ ես արդեն վազքի մեջ եմ:
Հիվանդը նստած է… Ցիստոստոմիկ պարկում արյուն կա: Մաքուր արյուն է՝ չափավոր թանձրուկներով… Գունատ է, սառը քրտինք, զարկերակը՝ մեծ հաճախականությամբ և անկանոն… Ճնշումն իջնում է… Իհարկե, ոչ տեղին, բայց հիշում եմ գործընկերներիցս մեկի պատմվածքից հատված՝ «Պատասխանատու հերթապահ բժի՛շկ, Դուք հրավիրվում եք վերակենդանացման շոկային բաժանմունք»: Սակայն չէ՞ որ մեզ մոտ գոյություն չունի վերակենդանացման շոկային բաժանմունք, մենք պլանային հաստատություն ենք… Եվ նույնիսկ ծիծաղելի կհնչեր, եթե ինքներս մեզ կանչեինք հիվանդի մոտ:
- Անեսթեզիոլոգների՛ն այստե՛ղ: Հերթապահ թերապև՛տը: Շտապ նախապատրաստել պլազմա՝ 4 միավոր արյան համատեղմամբ: Պատրաստե՛լ վիրահատարանը:
- Չո՞րս?
- Այո՛, նա մեկ լիտր արյուն է կորցրել:
- Այդ դեպքում մեկ միավորը բավական կլիներ...
- Նա շարունակելու է արյուն կորցնել, քանի որ դիսեմինացված (տարածուն) ներանոթային մակարդում է սկսվել... – նեֆրոստոմիկ պարկում արդեն թանձրուկներ են հայտնվել: ԴՆՄ-ն՝ դիսեմինացված ներանոթային մակարդման սինդրոմը նշանակում է, որ բանը բանից անցել է:
Այդ պահին հայտնվում է բաժնի վարիչը: Եվ փա՜ռք Աստծո:
Վերակենդանացում, միզապարկի լվացում, զուգահեռ աշխատում են անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները. տաքացվում է պլազման, շիթային եղանակով ներարկվում է էրիթրոցիտային զանգվածը...
Կոնսիլիում: Արտահերթ
- Անհրաժեշտ է վիրահատել:
- Դիսեմինացված ներանոթային մակարդում է սկսվել... Հիմա արյունահոսություն կսկսվի, որը մեզ չի հաջողվի դադարեցնել:

- Իսկ որտեղի՞ց է արյունահոսությունը, - տալիս եմ ինչ-որ առումով հիստերիկ հարց, քանի որ խողովակը ճիշտ է տեղադրված, իսկ անմիջապես ցիստոստոմիայից հետո նրա մոտ արյունահոսություն չկար, երդվու՛մ եմ:
- Դիլանյա՛ն, խոսքը դիսեմինացված ներանոթային մակարդման մասին է: Նրա մոտ արյունահոսություն առաջացել է փոքր անոթից: Նեֆրոստոման ճիշտ է տեղադրված, - ասում է Կլիրաշևը ցածր ձայնով՝ ասես ցանկանալով հանգստացնել:
- Մի խոսքով, ես կվերականգնեմ շրջանառվող արյան քանակությունը, կկարգավորեմ լվացման համակարգը, հետո կհասկանանք՝ ինչ ենք անում, -Լաֆիուլինն ապարդյուն ջանում է այնտեղ մտցնել կատետերը:
- Լավ: Իսկ մինչ այդ՝ արյան ընդհանուր անալիզ, բիոքիմիա, կոագուլոգրամա և…
- Վա՛յ ես քո... – բարկանում է Լաֆիուլինը, - սխալ տեղից մտա:
- Ոչինչ: Հանի՛ր հաղորդիչը, նայի՛ր՝ գոնե միզապարկ հաջողվե՞լ է մտնել:
- Այո, կարողացա միզապարկ մտնել, - թեթևացած ժպտաց Լաֆիուլինը, - Կարելի է արդեն կարգավորել համակարգը:
- Տու՛ն գնա, Դիլանյա՛ն: Ամեն բան կկարգավորվի, - Կլիրաշևն ինձ է նայում, դանդաղ բռնում է թևս և ուղեկցում դեպի ծխելու սենյակ, - Ծխախո՛տ տուր:
- Բայց... Բայց Դուք չեք ծխում:
- Տու՛ր, ասում եմ... – վառում է ծխախոտը:
- Դիլանյա՛ն: Դու բժի՛շկ ես: Հաջողություններ ունես, աշխատություններդ տպագրվում են Եվրոպայում, լավ վիրահատություններ ես անում: Բայց ողջ կյանքում լավ հիշի՛ր մի բան. պատահելու են նաև դեպքեր, երբ դու վիրահատելու ես, իսկ նրանք, միևնույն է, մահանալու են: Դու ամեն բան ճիշտ ես անելու, իսկ նրանք, միևնույն է, արյունահոսելու են: Դու բոլոր նշանակումներն անելու ես՝ համաձայն ուղեցույցերի, արձանագրությունների, իսկ հիվանդը, միևնույն է, չի արձագանքելու քո բուժմանը: 1000 հիվանդից մեկի դեպքում դու անկարող ես լինելու որևէ բան անել: Սովորի՛ր բաց թողնել նրանց:
- Բայց…
- Դիլանյա՛ն: Նրա հիվանդությունները համատեղելի չեն կյանքի հետ: Նա մեկ ամսից ավել չի ապրի: Ձեռք մի՛ տուր նրան, լսու՞մ ես: Թո՛ղ հանգիստ մեռնի:
- Ո՛չ իմ ձեռքով, - հանգցնում եմ ծխախոտն ու դուրս գալիս:
- Տու՛ն գնա…
- Ո՛չ: 
Նույն օրը՝ երեկոյան
Վերակենդանացման բաժանմունք: Հեմոգլոբինն ընկնում է… Լվացող համակարգը չի աշխատում… Նա շարունակում է արյունահոսել… Հերթապահ բժիշկն ընդունում է կույրաղիքի խնդիր ունեցող հերթական հիվանդին և տխուր դեմքով հանձնարարում նախապատրաստել վիրահատարանը…
Ես թափառում եմ վերակենդանացման բաժանմունքի տարածքում: Հիվանդը դեռևս գիտակից վիճակում է: Կրկին մոտենում եմ նրան.
- Հովհաննե՛ս Էդուարդովիչ, տեսնու՞մ եք՝ ինչ վիճակի ինձ հասցրեցին հասարակ մի կատետերով, - ժպտում է:
Խոսում է դժվարությամբ, արդեն շունչը կտրվում է: Արյունը քիչ է, թթվածնի մակարդումը թուլանում է, ուղեղն առավել հաճախ շնչելու ազդանշան է ստանում...
Գիտակցում եմ, որ աչքիս առաջ մարդ է մահանում: Եվ մահանում է ժպտալով. նա արդեն հաշտվել է այդ մտքի հետ... Բայց նա այնուամենայնիվ շա՜տ է ցանկանում ապրել...
- Ասացե՛ք՝ ինձ քնաբեր ներարկեն, - խնդրում է նա, - այլապես մինչև առավոտ ինձ չի հաջողվի քնել...
«Հարգելի՛ս, մինչև առավոտ դու չ…», - բարեբախտաբար միտքս անավարտ է մնում:
Հիմա, հիմա՝ ուր որ է կսկսեն աղմկել սարքերը: Աչքերը կսկսեն փակվել… Ճերմակավուն շերտ կառաջանա դրանց վրա, խռխռոց կլսվի… Սարքերը կսկսեն անկանոն աշխատել: Այնուհետև սիրտը կկանգնի, ու կվառվի դեղնակարմիր լամպը՝ արձակելով զզվելի, հազիվ լսելի, ուլտրաձայնային ազդանշան հիշեցնող ոռնոց… Հիմա, հիմա… Անեսթեզիոլոգը կհրի ինձ, ձևի համար մեկ-երկու անգամ էլեկտրական սարքով օգնությամբ կփորձի վերակենդանացնել հիվանդին, այնուհետև կգնա ծխելու: Եվ այդպիսով կբացվի իմ հաշիվը՝ իմ նոր, սեփական գերեզմանատանը. չէ՞ որ նրա մոտ արյունահոսությունը սկսվել էր իմ կողմից իրականացված վիրահատությունից հետո…
Անեսթեզիոլոգը հրում է:
- Դիլանյա՛ն, հեմոգլոբինը շարունակում է կայուն մնալ է:
- Որքա՞ն է: 
- 70: Արդեն մեկ ժամ է, ինչ այդքան է:
Սակայն ինձ արդեն բացարձակապես արգելել են մոտենալ հիվանդին…
- Օպերացիոն բլո՛կը: Պատրաստվե՛ք միզապարկի ռևի՛զիայի:
- Կես ժամից պատրաստ կլինի, - հորանջելով ու մի տեսակ անտարբեր ասաց բուժքույրը:
- Այդ դեպքում 5 րոպեից վիրահատությունը կսկսեմ անմիջապես պատգարակի վրա:
- Հասկացա...
Միզապարկի ռևիզիա: Կտրվածք, բացում ենք միզապարկը: Ոչ մի խոշոր ճյուղավորում չկա... Իմ կողմից ցիստոստոման դրված է ճիշտ, դասական տարբերակով, ուղիղ է... Միզապարկի պատը դիֆուզ արյունահոսում է՝ տրոակարի անցման մասում...
Կոպի՛տ, շա՛տ կոպիտ կար է: Անհրաժեշտ է ամեն գնով դադարեցնել արյունահոսությունը: Այլապես... Այլապես նա կմահանա: Դադարեցնում եմ արյունահոսությունը: Միզապարկի մեջ՝ վերևի մասում, տեղադրում եմ մեկ այլ՝ առավել հաստ խողովակ: Սկսում եմ վերահսկել արյունահոսությունը: Ջրից չոր եմ դուրս գալիս այնպես, ինչպես դա կպատահեր պլանային վիրահատության դեպքում:
- Հե՜յ, այդ ի՞նչ արեցիր, - անեսթեզիոլոգն ապշած ինձ է նայում:
- Ի՞նչ կա:
- Հեմոգլոբինը բարձրանում է: Եվ դա՝ քո կողմից վիրահատությունն ավարտելուց ընդամենը կես ժամ ա՜նց:
- Դե, բայց չէ՞ որ արյուն եք ներարկում:
- Հեմոգլոբինը դեռ հե՜չ: Դիսեմինացված ներանոթային մակարդումը դադարե՜ց:
- Այդքան արա՞գ:
- Ըհը...
Քնում եմ: Չնայած հոգնածությանը՝ անհանգիստ և մակերեսային հիվանդանոցային քուն:
Առավոտյան խորհրդակցություն
...- Խորհրդակցության մասնակիցներին արդեն հայտնի հիվանդն այս գիշեր վիրահատվել է: Իրականացվել է միզապարկի ռևիզիա, կարվել են պատերը, կանգնեցվել է արյունահոսությունը: Առավոտյան կողմ հիվանդի վիճակը ծանր էր, սակայն արձանագրվել է արյան դրական դինամիկա: Դիսեմինացված ներանոթային մակարդումը դադարել է:
Դահլիճում քար լռություն է տիրում:
- Ո՞վ է վիրահատել, - ցածրաձայն, ասես դժկամությամբ հարցնում է Կլիրաշևը:
- Դիլանյանը:
- Այնուամենայնիվ ասածդ արեցի՛ր, - մրթմռթում է Կլիրաշևը:
Լարված սպասում եմ դատավճռիս, այսինքն՝ գնդակահարության:
- Ապրե՛ս: Իսկ այժմ ոտքի՛ և դու՛րս կորիր այստեղից: Կես ժամից զանգահարելու եմ ձեր տուն: Այնպես կանես, որպեսզի անձամբ պատասխանես հեռախոսազանգիս:
Ժպտում եմ: Խորհրդակցությունների դահլիճում բոլորը քթի տակ ծիծաղում են:
- Ի՞նչ ես նստել: Դու՛րս կորիր այստեղից, ասացի, չե՞ս հասկանում, ինչ է...
Կլիրաշևի հետ կատակելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Կգնդակահարի... Վեր եմ կենում և... Գնում եմ տուն... Իսկ տանն այնքա՜ն լավ է...
Այսօր ես քեզ դուրս գրեցի, սուր միզականգ: Ես դուրս գրեցի քեզ, ինչպես մենք ենք գրում, “դրական առաջընթացով”: Այս ամբողջ հերոսապատումից հետո ինձ հաջողվեց կայուն վիճակի բերել և դուրս գրել քեզ: Դու կարողանում ես ինքնուրույն քայլել, թեկուզ և երկու պարկ կախված է կողքիցդ: Օնկոլոգներն ասում են, որ իրականացնելու են ճառագայթային երկրորդ թերապիա: Եվ նաև՝ շարունակելու են քեզ նշանակված բուն թերապիան: Իսկ նրանք, սովորաբար, ասում են դա միմիայն այն դեպքում, եթե վստահ են, որ դու կապրես նվազագույնը ևս կես տարի: Դու չմահացար իմ “օգնությամբ”: Ես քեզ դուրս գրեցի…