+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Այսօր ես քեզ դուրս գրեցի կամ շագանակագեղձի երկու քաղցկեղ. Մաս 1-ին

Մայիս ամսվա վերջն է: Աշխատասենյակիս պատուհանից այն կողմ գարուն է: Արևի շողը ներս է թափանցում փեղկերի միջով՝ սենյակ բերելով թարմ կանաչի ու երջանկության անհոգ մթնոլորտ՝ այդպիսով, ասես, ինձ այդ անողոք ու դաժան տողերի ընթերցանությունից. «Շագանակագեղձի քաղցկեղ: Ցածր դիֆերենցվածության ադենոկարցինոմա: Գլիսոնի ցուցանիշը՝ 5+4»: Հիվանդը, որը դատելով արտաքինից՝ առավելագույնը  75 տարեկան է, աչքերն է կկոցում՝ վայելելով սեփական դեմքին ընկնող արևի ցայթքերը: Սակայն նրա ձայնը դողում է և կտրատվում:

- Նրանք… Նրանք ասացին, որ չեն կարող վիրահատել ինձ. խնդիրը տարիքս է - Ձայնը դողում է, կտրատվում, - Կասադեքս ու Ֆլուտամիդ առաջարկեցին…
- Ալեքսա՛նդր Տիմոֆեևիչ… - անկարող լինելով պահպանել բժշկին բնորոշ վեհ կեցվածքը՝ սկսում եմ տրորել աչքերս: Անհապաղ անհրաժեշտ էր ասելու ինչ-որ բան գտնել, հակառակ դեպքում աչքերի այդ հայացքն ինձ կարող էր վերջնականապես տապալել, - Ալեքսանդր Տիմոֆեևիչ, կցանկանայի պարզ և անկեղծ լինել Ձեզ հետ…
Նման պահերի սկսում եմ իսկապես ատել աշխատանքս: Հերթական անգամ անհրաժեշտ է կոտրել մարդու պաշտպանիչ շերտը, անհրաժեշտ է հասցնել նրա ուղեղին, որ նա միայնակ չէ. կարող է զանգահարել գիշերվա կեսին, եթե քունը չտանի: Թե ինչպես և ինչ է անհրաժեշտ անել՝ այդ առումով հարցեր չեն առաջանում, դրա համար գոյություն ունեն ուղեցույցներ, հետազոտություններ: Սակայն անհրաժեշտ է, որպեսզի մարդը ոչ մի դեպքում չհավատա, որ այդ հիվանդությունը կարող է սպանել իրեն: Իսկ ինչպե՞ս անել դա, եթե դու ինքդ շատ լավ գիտակցում ես, որ որևէ երաշխիք չկա:
-... Երաշխիք չկա: Ձեր տարիքիում վիրահատությունը միանշանակ ռիսկային է: Բա՛յց՝ կա մի բայց:
Մարդը կառչում է այդ “Բայց”-ից. մարդու հայացքն այդ դեպքում հիշեցնում է խորտակվող մեկին, որին մի ձող են մեկնել: Եվ դա արդեն իսկ դրական տեղաշարժ է:
Ես կարող եմ մաթեմատիկորեն և ստույգ կերպով ապացուցել, որ նրան կարելի է և անգամ՝ անհրաժեշտ է վիրահատել: Սակայն այստեղ մոտեցումն այլ պետք է լինի: Ցանկանում եմ, որպեսզի մարդը հավատա. մահը դեռևս շա՜տ հեռու է նրանից:
Մեզ մնում է լուծել ևս մի բարդ խնդիր. այնպես խոսել, որպեսզի կոնսիլիումը ևս չսահմանափակվի Կասադեքս և Ֆլուտամիդ նշանակելով:
- Հիվանդը 75 տարեկան է: Դիսպանսերային ստուգման շրջանակում շագանակագեղձի աջ հատվածում հայտնաբերվել է կոշտ գոյացություն: PSA (ԱՊՍ)-ն՝ 3,5ն/մլ… Իրականացվել է բիոպսիա, հայտնաբերվել է ցածր դիֆերենցվածության ադենոկարցինոմա: Գլիսոնի ցուցանիշը՝ 5+4: Փոքր կոնքի ՄՌՏ հետազոտության արդյունքում մետաստազներ չեն հայտնաբերվել: Օսցեոստինցիգրաֆիայի արդյունքում ոսկորներում ռադիոֆարմպրեպարատ չի հայտնաբերվել:
- Անամնեզից կարելի է ենթադրել, որ հիվանդն ապրում է սեռական կյանքով, վարում է առողջ ապրելակերպ, անգամ հեծանիվ է քշում, - կոնսիլիումի մասնակիցների դեմքին ժպիտ է հայտնվում, ինչը կնշանակեր՝ Դիլանյանը հուզվում է, - հետազոտվել է բոլոր մասնագետների կողմից, վիրահատության համար որևէ հակացուցում չկա:
- Ի՞նչ վիրահատության, - ոտքի է կանգնում Կլիրաշևը, - Դուք ի՞նչ է, խելագարվե՞լ եք: Ախր չէ՞ որ նա 75 տարեկան է:
Վատ բան է: Շա՜տ բարդ բան է Կլիրաշևի հետ վիճելը: Իմ բոլոր փաստարկներին, թե չնայած տարիքին հիվանդն առողջ է, նա կպատասխանի այնպիսի հակափաստարկներով, որոնք հեշտությամբ կարելի է հայտնաբերել հիվանդության ցանկացած պատմության մեջ:
-... Նա շաքարային դիաբետ ունի - շարունակում է Կլիրաշևը, - նրա մոտ առկա է ուղիղ աղիքի դիվերտիկուլյոզ: Նա ստամոքսի խո՜ց է ունեցել: Կարելի էր ասել, որ նրան զննել էր էնդոկրինոլոգը՝ դիաբետը հերքվել էր: Կարելի էր ասել, որ դիվերտիկուլյոզը հակացուցում չէր: Վստահորեն կարելի էր հակաճառել՝ ասելով, որ ստամոքսի խոցը ռեմիսսիայի փուլում է. 20 տարի է, ինչ սպիացել է և այլևս երբևէ չի անհանգստացրել հիվանդին...
Եվ վերջապես, կարելի էր հղում կատարել եվրոպական ուղեցույցներին, ըստ որի՝ արդեն երկարացված է նման վիրահատության համար նախատեսված շեմային տարիքը... Սակայն... Մտածողությունը շա՜տ հետաքրքիր երևույթ է: Հանկարծ այն՝ իմ սեփական մտածողությունը, առանց իմ կողմից որևէ «միջամտության», ողջ սրահով մի հարց «արտաբերեց»: Հարկ է նշել, այնուամենայնիվ, որ դա արվեց քաղաքակիրթ ձևով:
- Ասացե՛ք ինձ, խնդրեմ, Միտյայ Ալեխանովի՛չ, իսկ Դուք քանի՞ տարեկան եք, - Գիտակցում եմ հնչած հարցի անտեղիությունը, կարմրում եմ ու լռում:
Լռություն:
Վիրահատե՛ք, - հանկարծ դժկամությամբ ու կտրուկ կերպով ասում է Կլիրաշևը, ոտքի կանգնում ու դուրս գալիս դահլիճից:
...- Դիլանյա՛ն, մեր մեջ ասած՝ արածդ ստորություն էր, - արդեն բժիշկների սենյակում ասում է Սլավան, - ի՞նչ է, այդ հիվանդը բարեկա՞մդ է:
- Ոչ: Սպասի՛ր, իսկ ինչու՞ էր ստորություն:
- Որովհետև Կլիրաշևը 72 տարեկան է, և նրա մոտ հայտնաբերվել է PSA (ԱՊՍ)-ի բարձրացում, - շշուկով ասում է Սլավան, - և դու այդ մասին շատ լավ գիտեիր:
- Սլա՛վ, նրա մոտ ընդամենը սրված քրոնիկ պրոստատիտ ու ադենոմա է: Քաղցկեղի նշան անգամ չկա: Բիոպսիան անձամբ եմ իրականացրել, - սեղանին եմ նետում գիստոլոգիայի պատասխանը, - այնպես որ լավ մտածի՛ր հաջորդ անգամ ինձ ստորության մեջ մեղադրելուց առաջ:
Վիրահատություն: Լապարոսկոպիկ ռադիկալ պրոստատէկտոմիա: Հետվիրահատական սուր պանկրեատիտ: Միմյանց հաջորդող երեք անքուն գիշեր, ամիլազների մշտական հսկողություն: Օկտրեոտիդ, որի պատճառով հիվանդը սրտխառնոց ունի: Սուր պիելոնեֆրիտ, անտիբիոտիկներ: Ալեքսանդր Տիմոֆեևիչը համառորեն չի ցանկանում վեր կենալ անկողնուց. թույլ է: Ոնց որ էլ չի ցանկանում ապրել:
Նյարդերը: Անհրաժեշտ է շատ ամուր պահել: Անհրաժեշտ է սափրվել, սառը ջրով լվացվել: Սուրճից արդեն սիրտս խառնում է:
Մտնում եմ հիվանդասենյակ:
- Ալեքսա՛նդր Տիմոֆեևիչ, Ձեզ պես առողջ տղամարդը չպետք է պառկի անկողնում, - չնայած ճիշտ խոսքեր են, սակայն պատրաստ էի նույն այդ պահին պառկել նրա կողքին և քնել մինչ այն պահը, երբ նա դուրս կգրվեր հիվանդանոցից, - զուգարան գնացե՞լ եք:
- Այո՛:
- Ջերմությու՞ն:
- Ո՛չ:
- Ժպտա՛ ինձ, Ալեքսա՛նդր Տիմոֆեևիչ, - իմ կարծիքով՝ այդ պահին “Դուք”-ը ծիծաղելի կհնչեր, - Ժպտա՛, քեզ մոտ ամեն ինչ լավ է:
- Թույլ եմ...
- Ոտքի՛ կանգնեք, մի քիչ քայլեք, հաց կերեք, և ամեն ինչ կանցնի: Դե՜: Կանգնեցի՛նք, - ինչպե՞ս կարող էր ծեր, անկարող մարդը հակառակվել երիտասարդ կենսուրախ բժշկի ավյունին:
Այսօր ես քեզ դուրս գրեցի հիվանդանոցից, Ալեքսա՛նդր Տիմոֆեևիչ: Դուրս գրեցի՝ միանգամայն առողջ վիճակում: Իսկ վաղը կստանամ հետվիրահատական նմուշի գիստոլոգիայի պատասխանը, որտեղ գրված կլինի, որ վիրահատությունը մաքուր է իրականացվել, իսկ ավշային հանգույցներում մետաստազներ չեն հայտնաբերվել:
Ես վստահ եմ դրանում: Իսկ դու՛, Ալեքսա՛նդր Տիմոֆեևիչ, պատրաստվի՛ր: 20 տարի անց ես դեռ պատրաստվում եմ օղի խմել՝ 95 ամյակիդ կապակցությամբ: